ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գնահատականին, որը հանրապետականների ընտրական մեծ կորուստները կապել էր Իրանի դեմ պատերազմի հետ, հաղորդում է Associated Press-ը։
Միաժամանակ ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ ռազմական գործողությունն անհրաժեշտ էր և պետք է շարունակվի։
Չորեքշաբթի լրագրողները Թրամփին հարցրել են Վենսի խոսքերի մասին, որը միջանկյալ ընտրություններում հանրապետականների անհաջողությունները պայմանավորել էր պատերազմով։
ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այդ գնահատականը մեծ հաշվով ճիշտ է համարում, քանի որ հակամարտությունը հանգեցրել է բենզինի գների կարճատև աճի։
«Կարծում եմ՝ դա մեծ հաշվով ճիշտ է, քանի որ կարճաժամկետ հեռանկարում դրա պատճառով բենզինի գները մի փոքր բարձրացան»,- ասել է Թրամփը։
Միաժամանակ նա կրկին հանդես է եկել ռազմական արշավի պաշտպանությամբ։
«Իրանի դեպքում մենք պետք է դա անեինք, և շարունակում ենք դա անել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը լրագրողների հետ շփվել է Սպիտակ տան պարահանդեսների դահլիճի շինարարության ընթացքին ծանոթանալիս, որի կառուցումը նախաձեռնել էր ինքը։
