Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ երկիրը կանգնեցնում է բարդ ընտրության առջև. ԵՄ-ի հետ ինտեգրման խորացումը կպահանջի վերանայել Ռուսաստանի հետ տնտեսական կապերն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, գրում է EU Today պարբերականը։
Ընդ որում, ինչպես նշում է լրատվամիջոցը, Երևանի եվրոպական ուղղությունը զարգանում է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխության և արտաքին քաղաքական նախկին կողմնորոշումների համակարգի աստիճանական վերանայման հետնապատկերին։
ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանի հիմնական խոչընդոտներից մեկը ԵԱՏՄ-ին նրա անդամակցությունն է։ Այդ միավորման շրջանակում գործող մաքսային կանոններն ու պարտավորություններն անհամատեղելի են Եվրամիության միասնական շուկային և մաքսային միությանը լիարժեք մասնակցության հետ։
Այսպիսով, EU Today-ի կարծիքով, ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն ի վերջո Երևանից կպահանջի որոշել տնտեսական ինտեգրման ձևաչափը։
«Նման ընտրության հետևանքները կարող են էական լինել։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրային գործընկերը, իսկ Հայաստանի տնտեսությունը կապված է ռուսական շուկաների, էներգակիրների մատակարարումների, տրանսպորտային երթուղիների և ձևավորված գործարար հարաբերությունների հետ։ Եվրոպական չափանիշներին անցումը կպահանջի լայնածավալ փոփոխություններ կարգավորման, մաքսային համակարգի և առևտրային կապերի ոլորտներում»,- գրում է լրատվամիջոցը։
Առայժմ Երևանը չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Մոսկվայի հետ տնտեսական հարաբերություններն անհապաղ խզելու մտադրության մասին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ռազմավարությունը ենթադրում է երկրի արտաքին քաղաքական և տնտեսական հնարավորությունների ընդլայնում՝ մեկ ուղղությունից կախվածությունը նվազեցնելու համար, նշվում է հոդվածում։
Միաժամանակ լրատվամիջոցը հիշեցնում է, որ Բրյուսելի հետ համագործակցությունն արդեն դուրս է գալիս քաղաքական հռչակագրերի շրջանակից։
2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն և Հայաստանն ընդունեցին գործընկերության նոր ռազմավարական օրակարգ, որն ընդգրկում է ժողովրդավարական բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը, էներգետիկ անվտանգությունը, թվային ենթակառուցվածքը և անվտանգության ոլորտում փոխգործակցությունը։ Կողմերը քննարկում են նաև վիզային ռեժիմի ազատականացումը։ Սակայն նույնիսկ անդամակցության հայտ ներկայացնելը Հայաստանին չէր երաշխավորի թեկնածուի կարգավիճակի տրամադրում կամ անդամակցության բանակցությունների մեկնարկ. դրա համար անհրաժեշտ են ԵՄ պահանջների կատարումը և անդամ պետությունների համաձայնությունը։
Ադրբեջանի հետ հարաբերություններում փոփոխությունները ևս նոր հնարավորություններ են ստեղծում Երևանի համար։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կողմերի միջև հռչակագրի ստորագրումից և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարներ են ի հայտ եկել։ Եթե կարգավորման գործընթացը շարունակվի, Հայաստանը կկարողանա աստիճանաբար նվազեցնել տրանսպորտային մեկուսացումը, որը պատմականորեն ուժեղացրել է նրա կախվածությունը Ռուսաստանից։
Արդյունքում, ինչպես նշում է պարբերականը, եվրոպական ինտեգրումը Երևանի համար դառնում է ոչ միայն տնտեսական ընտրության հարց, այլև արտաքին քաղաքական ռազմավարության ավելի լայնածավալ վերանայման մաս։ Սակայն դրա գործնական իրականացումը կախված կլինի ներքին բարեփոխումներից, հարևանների հետ հարաբերություններից, ԵԱՏՄ-ին անդամակցության պայմաններից և Հարավային Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու՝ Եվրամիության պատրաստակամությունից, փոխանցում է news.am-ը։
