Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին, քանի որ բոլոր կողմերը «հոգնել են», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Սա իմ անձնական կարծիքն է։ Վերջ. ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրսներ, բոլորը հոգնել են», — ասել է նա Մինսկում անցկացված՝ Եվրասիական անվտանգության հարցերով IV միջազգային համաժողովում։ Նրա խոսքով՝ Եվրոպայում արդեն «սկսել են հասկանալ, թե ումից էր բխում այս էսկալացիան»։ Լուկաշենկոյի պնդմամբ՝ 2022 թվականին հակամարտությունը կարող էր ավարտվել «մի քանի շաբաթվա ընթացքում»։

«Սակայն Կիևի բրիտանացի «ընկերները» պահանջեցին կռվել «մինչև վերջին ուկրաինացին»՝ զենքով հեղեղելով մեր հարավային հարևանին։ Խաղաղության հասնելու և հազարավոր կյանքեր փրկելու իրական հնարավորությունը բաց թողնվեց», — ասել է Լուկաշենկոն։ Նա առաջարկել է Մինսկում վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները. «Եկեք, կխոսենք։ Առանց որևէ միջնորդության»։ Միաժամանակ Բելառուսի նախագահը նշել է, որ չի ցանկանում ստանձնել միջնորդի դերը, քանի որ 30 տարվա ընթացքում «հոգնել է» նման գործունեությունից։

Լուկաշենկոն նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը։ Նրա պնդմամբ՝ ամերիկացի առաջնորդը «թույլ չի տվել եվրոպացիներին միջուկային հակամարտություն սանձազերծել»։ «Նա իսկապես հետ է պահում մայր Եվրոպային երրորդ համաշխարհային պատերազմից, քանի որ դա կարող է ավարտվել միջուկային հակամարտությամբ», — ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ դրա համար Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը կանցկացվի նոյեմբերի 10–11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում, ավելի վաղ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Կողմերը կքննարկեն հակամարտության դադարեցման, անվտանգության ոլորտում հետպատերազմյան համաձայնագրերի և լարվածության թուլացման հարցերը։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը ԱՄՆ-ը կներկայացնեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Նրանք միջնորդի դեր կկատարեն Մոսկվայի և Կիևի միջև։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը մասնակցել է նաև բանակցությունների նախորդ բոլոր փուլերին։

Share.