«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս «Յուվենտուսում» հանդես գալու տարիներից կորցրել էր նախկին մարզավիճակը և այլևս չէր կարողանում բարձր մակարդակով խաղալ։

Հոլանդացի մասնագետն այս մասին ասել է Goedemorgen Eredivisie հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում՝ կրկին անդրադառնալով պորտուգալացի ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած երկրորդ շրջանին։

«Ինձ սխալ չհասկանաք, նա, իհարկե, հիանալի ֆուտբոլիստ է և աշխարհի մեծագույն խաղացողներից մեկը։ Բայց իրականությունն այն է, որ վերջին յոթ-ութ տարիներին նա չի կարողացել նախկին մակարդակով հանդես գալ։ «Յուվենտուսից» սկսած՝ նրա լավագույն ժամանակներն արդեն անցել էին»,- ասել է տեն Հագը։

Նրա խոսքով՝ Մադրիդի «Ռեալի» հաջողություններից մեկն այն է, որ ակումբը կարողանում է ժամանակին բաժանվել այն ֆուտբոլիստներից, որոնց խաղամակարդակը սկսում է նվազել՝ դեռևս այն ժամանակ, երբ արտաքինից նրանք գտնվում են իրենց կարիերայի գագաթնակետին։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2021 թվականի օգոստոսին «Յուվենտուսից» վերադարձել էր «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ 2022 թվականի նոյեմբերին հեռացել ակումբից՝ հայտարարելով, որ իրեն դավաճանել են։

41-ամյա պորտուգալացին այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»։ Նա ակումբի կազմում անցկացրած 160 խաղում դարձել է 138 գոլի հեղինակ և մոտենում է կարիերայի ընթացքում խփած 1000 գոլի սահմանագծին։

Share.