ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման միացել է Դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ Կոնգրեսի լրացուցիչ ընտրությունների նախաշեմին։ Նա ելույթ է ունեցել Օհայո և Միչիգան նահանգներում անցկացված հանրահավաքներում՝ խիստ քննադատության ենթարկելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում են The New York Times-ը և The Washington Post-ը։
Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ Օբամայի ելույթներն աչքի են ընկել Թրամփի հասցեին հնչեցված վերջին շրջանի ամենակոշտ քննադատություններից մեկով։ Նախկին նախագահը Թրամփի սխալ որոշումների շարքում առանձնացրել է Իրանում պատերազմ սկսելու քայլը՝ այն անվանելով «անհարկի պատերազմ, որը ոչ ոք չէր պահանջել, և որի օգտին ոչ ոք չէր քվեարկել»։
Օբաման խուսափել է Թրամփի անունն ուղղակիորեն հնչեցնելուց՝ նրան անվանելով «Սպիտակ տան այդ մարդը»։ Նա մեղադրել է գործող վարչակազմին անգործունակության և կոռուպցիայի մեջ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում վերջին երկու տարիներն անցել են «քաոսի, դաժանության և կոռուպցիայի» պայմաններում։
Նախկին նախագահը նաև քննադատել է Թրամփին՝ պնդելով, որ նա ավելի շատ կենտրոնացած է Սպիտակ տան վերակառուցման և շքեղ ձևավորման, քան ամերիկացիների խնդիրների վրա։
«Նա Սպիտակ տունը վերածել է մի վայրի, որն այնպիսի տեսք ունի, կարծես Սադամ Հուսեյնը բացել է չիզքեյքի սրճարան։ Ամենուրեք ոսկի է»,- հայտարարել է Օբաման։
Նախագահի պաշտոնը թողնելուց շուրջ տասը տարի անց Օբաման շարունակում է ակտիվորեն մասնակցել Դեմոկրատական կուսակցության քարոզարշավներին։ The Washington Post-ի գնահատմամբ՝ նրա ժողովրդականությունն ու սրամիտ ելույթները նրան դարձրել են կուսակցության կարևորագույն քարոզիչներից մեկը՝ ընտրարշավի վճռորոշ փուլում։
