Երեկ Տրապ քաղաքում տեղի ունեցած մահաբեր հարձակումից հետո առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով Փարիզում փոխել են շաբաթ օրվա ցույցի երթուղին, հաղորդում է Le Monde-ը։

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Էլեն Դենեշերը հայտարարել է, որ նոր երթուղին թույլ կտա ավելի լավ պաշտպանել ակցիայի մասնակիցներին։

«Ներքին գործերի նախարարի ցուցումների համաձայն՝ պրեֆեկտը վերանայել է անվտանգության միջոցառումները՝ հաշվի առնելով սպառնալիքի մակարդակի փոփոխությունը։ Ցավոք, երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել, և դա այն գործոններից մեկն է, որը մենք հաշվի ենք առել»,— BFM-TV-ի եթերում նշել է Դենեշերը։

Նրա խոսքով՝ որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաև հասարակական կարգի խախտման վտանգը։ Շաբաթ առավոտյան Իլ դը Ֆրանս երկրամասի ճանապարհներին ստուգումներ են իրականացվել։ Ոստիկանությունն արդեն առգրավել է վտանգավոր առարկաներ, այդ թվում՝ պիրոտեխնիկական ականանետներ, որոնք, ենթադրաբար, կարող էին կիրառվել իրավապահների դեմ։

Չնայած սպասվող ցույցերին՝ առավոտյան Փարիզի կենտրոնում իրավիճակը հանգիստ է եղել։ Ելիսեյան դաշտերի, Կոնկորդի հրապարակի և Մեծ բուլվարների շրջակա փողոցներում խանութների ցուցափեղկերը փակվել են փայտե վահանակներով։ Միևնույն ժամանակ, Le Monde-ի լրագրողներն այդ հատվածներում ո՛չ երթեր են նկատել, ո՛չ էլ ոստիկանական ստորաբաժանումներ։ Ժամը 09:00-ից քիչ առաջ Դոմենիլ հրապարակի տարածքում հայտնվել են ժանդարմերիայի մի քանի բեռնատարներ, ինչպես նաև փակվել են մետրոյի որոշ կայարաններ։

Share.