Տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման մտավախությունների պատճառով ԱՄՆ-ը սկսել է մերձավորարևելյան մի քանի երկրներից շտապ տարհանել իր դիվանագետների մի մասին և նրանց ընտանիքների անդամներին։ Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրների, ամերիկյան հետախուզությունը հայտնել է, որ Իրանը զգալիորեն ակտիվացրել է ԱՄՆ աշխատակիցների դեմ հարձակումների նախապատրաստումը, իսկ որոշ ծրագրեր արդեն առաջադեմ փուլում են։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հասցեագրված հոկտեմբերի 23-ի ծառայողական զեկուցագրում նշվում է, որ Իրանի ակտիվությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև մի շարք այլ երկրներում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ անձնակազմի թվաքանակը վերանայելիս հաշվի են առնվում, մասնավորապես, Եմենի հութիների և ամերիկացի պաշտոնյաների դեմ հարձակումներ ծրագրող իրանական խմբավորումների սպառնալիքները։
Այս շաբաթ Պետքարտուղարությունը կարգադրել է Սաուդյան Արաբիայից դուրս բերել առաջնային նշանակության գործառույթներ չիրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքների բոլոր անդամներին։ Գերատեսչությունն այդ որոշումը բացատրել է հութիների հարձակումների ակտիվացմամբ։ Բացի այդ, անձնակազմի թվաքանակի ժամանակավոր փոփոխություններ են սպասվում նաև Լիբանանում, ԱՄԷ-ում, Կատարում և Հորդանանում ԱՄՆ ներկայացուցչություններում։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ կրճատումները վերաբերել են նաև տարածաշրջանի այլ դիվանագիտական առաքելությունների, մինչդեռ Քուվեյթում և Բահրեյնում աշխատակիցների թվաքանակը չի փոխվում։
Իրանի հետ պատերազմի սկզբում շատ դիվանագետներ ու նրանց ընտանիքներ արդեն մեկ անգամ տարհանվել էին և միայն վերջերս էին վերադարձել ծառայության վայր։ Այժմ նրանք ստիպված են կրկին բնակարան փնտրել և լուծել երեխաների կրթության հարցը։ Որոշ աշխատակիցներ դժգոհում են, որ տեղափոխման ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ հստակ պարզաբանումներ չեն ստացել։
«Որոշ ընտանիքներ հազիվ էին հասցրել տեղավորվել, երբ նրանց կրկին հայտնեցին մեկնելու անհրաժեշտության մասին»,— CNN-ին ասել է Ամերիկյան դիվանագիտական ծառայության աշխատակիցների ասոցիացիայի ներկայացուցիչ Նիկի Գեյմերը։ Նրա խոսքով՝ ընտանիքները շփոթված ու վրդովված են։ Արհմիությունը նաև հայտնել է դեպքերի մասին, երբ մարդկանց առաջարկել են պատրաստվել մեկնելուն՝ առանց հաստատելու բնակարանի և այլ ծախսերի փոխհատուցման չափը։
Պետքարտուղարությունից հայտնել են, որ աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն օրապահիկ են ստանում, ինչպես նաև աջակցություն՝ կեցության և երեխաների ուսման հարցերում։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օրապահիկի չափը համապատասխանում է տվյալ բնակավայրի համար սահմանված պետական նորմերին։ Պետքարտուղարությունն ընդունել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների սահմանափակ աշխատանքային ռեժիմը լուրջ դժվարություններ է ստեղծում, և խոստացել է ուղիղ կապ պահել տուժած աշխատակիցների հետ։
Իրավիճակը սրվում է Սաուդյան Արաբիայի վրա հութիների հաճախակիացած հարձակումների, ինչպես նաև միջանկյալ ընտրություններից հետո Իրանին հարվածները վերսկսելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։
Աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը ևս ձգտել է հասնել Իրանի դեմ ավելի օպերատիվ ռազմական գործողությունների, սակայն առայժմ՝ ապարդյուն։
