Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը կարծում է, որ ներկայումս Իրանի դեմ հարվածների վերսկսման օպերատիվ անհրաժեշտություն չկա մինչև հաջորդ շաբաթ կայանալիք Կնեսետի ընտրությունները։

«Մենք որևէ նշան չենք տեսնում, որ մինչև ընտրությունները անհրաժեշտ է հարված հասցնել Իրանին։ Եթե եզրակացնենք, որ նման հարված անհրաժեշտ է, մենք այն կհասցնենք», – Զամիրի խոսքերն է մեջբերում իսրայելական 13-րդ հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Զամիրը, վերջերս զինվորական ղեկավարների հետ ունեցած փակ խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով, այնուամենայնիվ նշել է, որ բանակը պատրաստ է գործել անհրաժեշտության դեպքում։

Ինչպես չորեքշաբթի հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և այլ իրազեկ անձանց, ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ ռազմական հարվածների վերսկսման ծրագրեր ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Հոդվածում նշվում է, որ երկու երկրներն էլ ակտիվացրել են ռազմական վարժանքները՝ հնարավոր «կարճ, բայց ինտենսիվ գործողության» նախապատրաստության շրջանակում։ Մշակված ծրագրի հնարավոր թիրախների թվում նշվում են Իրանի միջուկային օբյեկտները, էներգետիկ ենթակառուցվածքը, ինչպես նաև հրթիռների և անօդաչու սարքերի զինանոցները։

Axios պորտալի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը Իրանի սահմանների մոտ լայնածավալ ուժի ցուցադրման գործողություն են իրականացրել՝ նմանակելով ավիահարվածների հասցնումը։

Ինչպես նշել են Axios-ի աղբյուրները, կործանիչների թռիչքի երթուղին համապատասխանում էր Իրանի դեմ հնարավոր հարվածի սցենարին։ Ինքնաթիռներն անցել են Սիրիայի և Իրաքի օդային տարածքով։ Գործողությունն իրականացվել է Իսրայելից 800 կմ հեռավորության վրա և Իրանի անմիջական հարևանությամբ, դրան ներգրավված են եղել տասնյակ կործանիչներ և լիցքավորող ինքնաթիռներ։

Share.