Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը համապատասխանում է երկու երկրների և համաշխարհային էներգետիկ շուկաների շահերին. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շատ փոխշահավետ ուղղություն է։ Այն համապատասխանում է Միացյալ Նահանգների, համաշխարհային էներգետիկ շուկաների և Ռուսաստանի շահերին։ Հենց այդ պատճառով էլ դա տեղի է ունենում»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է համաշխարհային շուկաներ մատակարարել մրցունակ նավթ և նավթամթերք։

«Ռուսաստանը համաշխարհային շուկաներ մրցունակ արտադրանք մատակարարող երկիր է։ Մենք շարունակելու ենք դա անել»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության հնարավոր նոր պատժամիջոցները, որոնք կարող են կապված լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարման պայմանավորվածության հետ, կարող են խոչընդոտել այդ համաձայնության իրականացմանը։

«Անշուշտ, դա կարող է խանգարել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ միջազգային լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է նաև եվրոպական կողմի, իր բնորոշմամբ, «ցինիզմի» հարցը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրները շարունակում են ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ մնալ։

«Եվրոպական երկրները, ինչպես և աշխարհի մյուս պետությունները, ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ են»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Share.