ԱՄՆ-ի վերաբերյալ գաղտնի տեղեկություն Իսրայելին փոխանցելու համար դատապարտված Ջոնաթան Փոլարդը փոդքաստի է մասնակցել, որի ընթացքում անդրադարձել է Իսրայել-Թուրքիա հնարավոր բախմանը։ Ըստ նրա՝ տարածաշրջանում հակամարտությունները կարող են սրվել։ Թուրքիային ու Եգիպտոսին անվանել է պոտենցիալ պատերազմող կողմեր ու պնդել, որ Իսրայելը պետք է պատրաստավի այդ երկրների հետ հնարավոր պատերազմի։
Փոլարդը Թուրքիայի հետ հնարավոր բախումը համեմատել է Իրանի հետ հակամարտությունների հետ ու ընդգծել, որ վստահ չէ, որ Իսրայելը նույնքան հանգիստ կվարվի Թուրքիայի դեպքում։ Փոլարդը կոչ է արել Իսրայելին պատրաստվել նոր պատերազմների ու նշել.
«Մենք պիտի պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, որը, հավանաբար, կլինի Թուրքիայի և Եգիպտոսի դեմ»։ Այդ համատեքստում նշել է, որ «փոթորիկ է գալիս»։
Նշենք, որ Փոլարդն աշխատել է ԱՄՆ ռազմածովային ուժերում: Նա ձերբակալվել է 1985-ին՝ Իսրայելին գաղտնի տեղեկություն փոխանցելու համար: 1987-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման ու գրեթե 30 տարի անց՝ 2015-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Ճանապարհորդության սահմանափակումների վերացումից հետո նա 2020-ից բնակություն է հաստատել Իսրայելում:
