Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ներկայացրել է Պենտագոնի վեց նոր նախաձեռնություն, որոնք ներառում են անօդաչու և ինքնավար մարտական համակարգերի նոր հրամանատարության ստեղծում, ԱՄՆ տարածքում նոր խոշոր ռազմաբազայի կառուցում և նոր սերնդի սպառազինությունների մշակման գործում տեխնոլոգիական ոլորտի առաջատար գործարարների ներգրավում. գրում է The Washington post-ը։
Նախատեսվում է ստեղծել «Ինքնավար պատերազմի հրամանատարություն», որը կենտրոնանալու է անօդաչու և այլ ինքնավար մարտական համակարգերի վրա։ Կառույցը փորձարկելու է ԱԹՍ-ների նոր նախատիպեր և մշակելու է դրանց արագ ձեռքբերման ու կատարելագործման համակարգերը։ Հեգսեթի խոսքով՝ նպատակը ոչ թե որևէ կոնկրետ ԱԹՍ ստեղծելն է, այլ այնպիսի համակարգ ունենալը, որը հնարավորություն կտա տեխնոլոգիաներն արագ հարմարեցնել հենց մարտական պայմանների փոփոխություններին։ Նոր հրամանատարությունը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հոկտեմբերին՝ Կոնգրեսի համապատասխան օրենսդրական աջակցության դեպքում։
Հեգսեթը նաև հայտարարել է ԱՄՆ տարածքում նոր, բարձր պաշտպանվածության համատեղ ռազմաբազա կառուցելու ծրագրի մասին։ Դրա հնարավոր տեղակայման վայրերը դեռ ընտրված չեն։ Պաշտպանության նախարարը նահանգապետերին կոչ է արել առաջարկներ ներկայացնել՝ նշելով, որ ապագա ռազմաբազայում կարող է տեղակայվել 15-25 հազար զինծառայող։
Մեկ այլ նախաձեռնության շրջանակում նոր սերնդի սպառազինությունների մշակմանը նախատեսվում է ներգրավել Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին, Anduril-ի համահիմնադիր Փալմեր Լաքիին և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին։ Հեգսեթի խոսքով՝ ծրագիրը պետք է մշակի ապագա մարտադաշտերի համար անհրաժեշտ զենքեր ու համակարգեր՝ «Երկրի ընդերքից մինչև Լուսնից այն կողմ»։
Պենտագոնը նաև նախատեսում է հինգ համալսարանում ստեղծել կամ ընդլայնել ռազմական կուրսանտների պատրաստման ծրագրերը
Մյուս նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնել ԱՄՆ զինված ուժերի կախվածությունն արտասահմանյան մատակարարման շղթաներից։ Ծրագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր խոշոր ամերիկյան ռազմաբազա կարողանա անհրաժեշտության դեպքում ինքնուրույն էլեկտրաէներգիա արտադրել, ինչպես նաև ստեղծվեն զինամթերքի, վառելիքի, դեղորայքի և արյան ռազմավարական պաշարներ՝ ճգնաժամի կամ մատակարարումների խափանման դեպքում ռազմական գործողությունները շարունակելու համար։
