Հայաստանում ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում անհրաժեշտ է նոր ճանապարհներ կառուցել, ինչպես նաև այլընտրանքներ ստեղծել գործող երթուղիներին։ Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում ճանապարհաշինական ծրագրերի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուտով մենք խցանումների խնդրի առաջ ենք կանգնելու նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին»,- ավելացրել է վարչապետը։

Ավելին, նրա խոսքով, որոշ օրերի և եղանակների ժամանակ այդ ճանապարհներին արդեն իսկ նկատվում են երթևեկության դժվարություններ, հետևաբար քաղաքացիների համար պետք է տեղաշարժվելու այլընտրանքային տարբերակներ ապահովել։ Այս համատեքստում Փաշինյանն առանձնացրել է Տավուշի մարզի Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։

Վարչապետի փոխանցմամբ՝ գոյություն ունեցող գրունտային ճանապարհն առաջին անգամ կասֆալտապատվի։ Միաժամանակ նա հիշեցրել է Աթան-Ենոքավան ճանապարհի կառուցման ռազմավարական նշանակության մասին։

Անդրադառնալով Այգեհովիտ-Վազաշեն-Պարավաքար-Այգեպար ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա հիմնանորոգումից հետո կապահովվի դեպի Բերդ տանող ևս մեկ բարեկարգ ուղղություն։

Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ ճանապարհային հաղորդակցության բարելավումը կարող է խթանել Բերդի և հարակից բնակավայրերի տնտեսական ու զբոսաշրջային ակտիվությունը։

Share.