Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Պարսից ծոցի և նրա ջրային ուղիների երկարաժամկետ անվտանգությունն ու զարգացումը կախված են համագործակցությունից, համատեղ պատասխանատվությունից և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությունից, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ծովի համաշխարհային օրվա առթիվ հղված ուղերձում Փեզեշքիանը ծովն Իրանի պատմության, մշակույթի և տնտեսության անբաժանելի մաս, ինչպես նաև նրա ներկայի ու ապագայի համար կարևորագույն ռեսուրս է անվանել։ Նրա գնահատմամբ՝ երկրի հյուսիսային և հարավային երկարատև ափերը, ինչպես նաև կարևոր ծովային երթուղիների վրա ռազմավարական դիրքը, Իրանը դարձրել են նավագնացության և առևտրի կարևոր կենտրոն։
Իրանի նախագահը նշել է, որ ծովային փոխադրումները նշանակալի դեր են խաղում տնտեսական աճի, տարածաշրջանների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և միջազգային կապերի ամրապնդման գործում։ Միաժամանակ, նախագահի կարծիքով, անվտանգությունն ու զարգացումն անբաժան են․ անվտանգ ծովերը, նավահանգիստներն ու նավագնացության ուղիները նպաստում են առևտրին և տնտեսական ակտիվությանը, իսկ տնտեսական զարգացումն ամրապնդում է պետության հնարավորությունները։
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր է ապահովել տարածաշրջանային ջրային ուղիների անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև պաշտպանել նավագնացությունն ու առևտուրը՝ հենվելով ռազմածովային ուժերի հնարավորությունների և ծովային ոլորտի մասնագետների փորձի վրա։
Նա միաժամանակ առանձնահատուկ անդրադարձել է Հորմուզի նեղուցին՝ այն անվանելով աշխարհի կարևորագույն ծովային անցուղիներից մեկը, որը նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ու տնտեսության մեջ։ Նախագահի գնահատմամբ՝ Իրանի մոտեցումը այս ռազմավարական ջրային ուղու նկատմամբ հիմնված է պատասխանատվության և տարածաշրջանի երկրների անվտանգության, կայունության ու շահերի պաշտպանության վրա։
Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել իրանցի նավաստիներին, որոնք վերջին տարվա ընթացքում ապահովել են երկրի կենսական նշանակություն ունեցող ծովային հաղորդակցությունների աշխատանքը։ Նա շեշտել է, որ առաջացած դժվարությունները հաղթահարելուն օգնել է կառավարության, մասնավոր հատվածի և անվտանգության ուժերի համագործակցությունը։
Իրանի նախագահը կոչ է արել ավելացնել ներդրումները ծովային հետազոտությունների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև ավելի ակտիվ ներգրավել ոլորտի զարգացման մեջ նավագնացական ընկերություններին, ձկնորսական համայնքներին, նավահանգիստների օպերատորներին, ծովային արդյունաբերության ձեռնարկություններին, համալսարաններին և առափնյա շրջանների բնակիչներին։
Եզրափակելով՝ Փեզեշքիանը շնորհավորել է նավաստիներին և ծովային ոլորտի աշխատակիցներին Ծովի համաշխարհային օրվա առթիվ և հարգել նրանց հիշատակը, ովքեր զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս։
