Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի

Ստամբուլի օդանավակայանում մոտ 3 միլիոն եվրոյի պարտքի պատճառով կալանել են իրանական Caspian Airlines ավիաընկերության Boeing 737-ը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ինքնաթիռը կալանել են այն բանից հետո, երբ ուղևորներն արդեն բարձրացել էին օդանավ՝ Իրան թռչելուց առաջ։

Թուրքական պետական Anadolu գործակալության տվյալներով՝ կատարողական միջոցները ձեռնարկվել են երկուշաբթի՝ իրավասու մարմինների որոշման հիման վրա։ Ուղևորներին և անձնակազմի անդամներին խնդրել են լքել ինքնաթիռը, որից հետո օդանավի վրա կալանք է դրվել։

Թուրք պաշտոնյան Ֆրանսպրես գործակալությանը հաստատել է կալանման փաստը՝ ասելով, որ գործը կապված է «առևտրային վեճի» հետ, սակայն դրա մանրամասները չի բացահայտել։

Caspian Airlines-ը իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայում վարչական հարցի պատճառով բախվել է իր Boeing-ներից մեկի նկատմամբ «ժամանակավոր շահագործման սահմանափակումների»։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ խոսքը Ստամբուլի օդանավակայանում մատուցված ծառայությունների համար մոտ 3 միլիոն եվրո պարտքի մասին է։

Ավիաընկերությունը հայտնել է, որ ձեռնարկել է անհրաժեշտ վարչական միջոցները և ակնկալում է երեքշաբթի ինքնաթիռը վերադարձնել Իրան։

Կալանումը տեղի է ունեցել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ուժեղացման ֆոնին։ Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնը հայտարարեց նոր սահմանափակումների մասին՝ նախազգուշացնելով իրանական ավիափոխադրողների հետ համագործակցող ընկերություններին և կազմակերպություններին դոլարային ֆինանսական համակարգ մուտքի հնարավոր հետևանքների մասին։

Միևնույն ժամանակ Թուրքիան առայժմ չի միացել ամերիկյան սահմանափակումներին։ Թուրքիայի և Իրանի միջև շարունակում են իրականացվել կանոնավոր ավիաչվերթներ։

Ընդ որում, իրանական Mahan Air ավիաընկերությունը սեպտեմբերի 21-ից թուրքական ավիացիոն իշխանությունների խնդրանքով դադարեցրել է դեպի Թուրքիա բոլոր չվերթները։

Share.