Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Խաթամին հայտարարել է, որ պատերազմը, որը ԱՄՆ-ն և Իսրայելը պարտադրել են Իրանին, դեռ չի ավարտվել, տեղեկացնում է Mehr-ը։

Նա կոչ է արել երկրի զինված ուժերին պահպանել պատրաստվածությունը հակառակորդին հասցվող նոր «ծանր հարվածների» համար։

Շաբաթ օրը Թեհրանում Իմամ Ալիի անվան սպաների ակադեմիայում կայացած Զինվորի առաջին ազգային փառատոնի ժամանակ ելույթ ունենալով՝ Խաթամին հայտարարել է, որ Իրանը պատերազմում արդեն հասել է հաղթանակի, սակայն այժմ անհրաժեշտ է պահպանել այդ հաղթանակը։

Ըստ գեներալի, հակառակորդը կրել է լուրջ կորուստներ, սակայն իրանական զինվորականները պետք է շարունակեն պատրաստ լինել նոր հարվածների։ «Պատերազմը չի ավարտվել։ Մենք պետք է պատրաստ լինենք իրանական ուժերի կողմից հակառակորդին հասցվող հետագա ծանր հարվածներին», — ընդգծել է նա։

Խաթամին նաև դիմել է հարևան և տարածաշրջանի այլ երկրներին։ Նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անկայունությունը կազդի նրա բոլոր բնակիչների վրա, իսկ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն տարածաշրջանի գործերին և օգտագործեն նրա ռեսուրսները։

«ԱՄՆ-ի հետ համագործակցությունն անվտանգություն չի երաշխավորում։ Տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները», — ասել է գլխավոր հրամանատարը։

Նրա համոզմամբ, տարածաշրջանում կայուն անվտանգություն հնարավոր չէ ապահովել առանց ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայության վերացման։ Խաթամին հայտարարել է, որ այդ օրն «այնքան էլ հեռու չէ»։

Փառատոնը, որտեղ ելույթ է ունեցել գեներալը, նվիրված էր Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի հիշատակին։

Մուսավին զոհվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով։ Խաթամին նշել է նրա ներդրումը ռազմական ռազմավարության մշակման և երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործում։

Ավելի վաղ Սրբազան պաշտպանության շաբաթվա առթիվ իր ուղերձում Խաթամին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը չեն տատանվի պաշտպանելու երկրի անկախությունը նրա հակառակորդներից։

Share.