ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ամերիկացի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Իրանի հետ նոր բանակցություններ կանցկացնեն, չնայած դրան նախորդող օրը նա մերժել էր հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկը։

Պարբերականի՝ բանակցությունների ընթացքին ծանոթ երկու տարածաշրջանային աղբյուրների վկայությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի երկխոսության նոր փուլը կարող է կայանալ արդեն երկուշաբթի։

Բանակցություններում միջնորդի դերակատարումը շարունակում են ստանձնել Կատարն ու տարածաշրջանի այլ երկրներ, սակայն առանցքային հարցերում Վաշինգտոնի և Թեհրանի դիրքորոշումները դեռ էապես տարբերվում են։

«Այս շաբաթ ակնկալում եմ նոր բանակցություններ Իրանի հետ (ԱՄՆ-ում կիրակին շաբաթվա առաջին օրն է – խմբ.)։ Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց դա այն համաձայնագիրը չէ, որը ես եմ ցանկանում։ Սա այն է, ինչին մենք, հնարավոր է, կհամաձայնվեինք մեկ տարի առաջ։ Նրանք իրենք իրենց գերազանցեցին», — ասել է Թրամփը։

Ամերիկյան հարվածները Իրանի դեմ վերսկսելու հնարավորության մասին հարցին նախագահը պատասխանել է. «Ես միշտ այդ մասին մտածում եմ»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է ապահովել նավթային բեռների անցումը Հորմուզի նեղուցով։ Թրամփը հայտարարել է, որ հանգստյան օրերին նեղուցով անցել է պատերազմի սկզբից նավթի ամենամեծ ծավալը՝ ավելի քան 20 մլն բարել։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ուրբաթ գիշերը նեղուցով տեղափոխվել է 22 մլն բարել նավթ։

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել երեքշաբթի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կատարի միջնորդների մասնակցությամբ բանակցություններ են վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ։

Իրանը առաջարկել է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը և վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ՝ պայմանով, որ կհանվի ամերիկյան ռազմածովային շրջափակումը, կչեղարկվեն իրանական նավթի վաճառքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և տարածաշրջանում կվերականգնվի հրադադարի ռեժիմը։ Թրամփը շաբաթ օրը մերժել է այս առաջարկը։

Սակայն դրանից հետո Կատարը շարունակել է կողմերի միջև միջնորդական ակտիվ դիվանագիտությունը։ Axios-ի աղբյուրների տվյալներով, կատարյան միջնորդները ԱՄՆ-ին և Իրանին փոխանցել են առաջարկի փոխզիջումային տարբերակը և հանգստյան օրերին երկու երկրների ներկայացուցիչների հետ քննարկել դրա ձևակերպումների հնարավոր փոփոխությունները։ Արաղչիի և Ուիթքոֆի հետ հանդիպումները կարող են կայանալ արդեն երկուշաբթի։

Share.