Ամերիկացի և իրանցի բանակցողները Նյու Յորքում քննարկում են պատերազմի դադարեցման փուլային ճանապարհը, որը նախատեսում է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի բացում և Վաշինգտոնի կողմից Իրանի տնտեսական շրջափակման վերացում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին։
Բանակցությունները բախվում են լուրջ խոչընդոտի. կողմերից ոչ մեկը չի ցանկանում առաջինը հրաժարվել ճնշման առկա լծակներից։ Այդ մասին Reuters-ին հայտնել են երկու իրանական աղբյուր, երկու տարածաշրջանային պաշտոնյա և երկու արևմտյան դիվանագիտական աղբյուր։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ փակուղուց դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհը կարող է լինել փուլային պայմանավորվածությունը. Իրանը թույլ է տալիս նավարկությունը Հորմուզով՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման վերացման դիմաց, իսկ Թեհրանը հնարավոր է նաև հասանելիություն ստանա սառեցված ակտիվներին։
«Առաջ շարժվելու տարբերակներից մեկը կարող է լինել ճգնաժամի փուլային լուծումը։ Առաջին փուլը շրջափակումը դադարեցնելն ու Հորմուզի նեղուցը կրկին բացելն է»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Դա կպահանջեր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնի ևս մեկ ժամանակավոր լուծման՝ այն բանից հետո, երբ նախորդ պայմանավորվածությունը տապալվեց հուլիսին։ Ուստի, ըստ աղբյուրների, բանակցողների հիմնական խնդիրը ոչ միայն համաձայնագիր մշակելն է, այլև հասնելը նրան, որ փոխզիջումները լինեն բավականաչափ կայուն՝ երկու կողմերի փոխադարձ վստահությունն ապահովելու համար։
Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերումը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կացնկացվեն նոյեմբերի 3-ին։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրանցիներն ունեն «պահանջների շատ երկար ցուցակ»։
Ամերիկացի նախկին բանակցող Դենիս Ռոսսը հայտարարել է, որ ընտրություններից առաջ համաձայնության կնքման հավանականությունը գնահատում է ընդամենը 30%, սակայն, նրա կարծիքով, երկու կողմերն էլ կարող են ավելի ծանրակշիռ պատճառներ ունենալ գործարքը կնքելու մինչև միջանկյալ ընտրությունները, քան դրանցից հետո։
«Հենց շրջափակումն է իրականում խեղդում իրանցիներին։ Այն բառացիորեն խեղդում է նրանց»,- ասել է Ռոսսը։
Միջանկյալ ընտրություններից առաջ համաձայնագիրը կարող էր ձեռնտու լինել Թրամփին, քանի որ Հորմուզի նեղուցի բացումը կարող է նվազեցնել լարվածությունը Պարսից ծոցում, զսպել նավթի գների աճը և օգնել նվազեցնել ԱՄՆ-ի համար քաղաքականապես զգայուն բենզինի գները։
Իրանի համար այնքան անհրաժեշտ տնտեսական թեթևացում ստանալու հնարավորությունը կարող է ավելի բարձր լինել, քանի դեռ Թրամփը պահպանում է փոխզիջման հասնելու ավելի ուժեղ քաղաքական խթանը։
Միջանկյալ ընտրություններից հետո Թրամփը, Ռոսսի խոսքով, կարող է բախվել ավելի քիչ քաղաքական սահմանափակումների և ավելի հակված լինել ուժեղացնելու ճնշումը Իրանի վրա կամ դիտարկելու ռազմական տարբերակներ։
Ճնշման լծակները՝ որպես խոչընդոտ
Հենց ճնշման այն լծակները, որոնք Վաշինգտոնին և Թեհրանին կրկին բերել են բանակցությունների սեղանի շուրջ, կարող են միաժամանակ նաև դժվարացնել փոխզիջման հասնելը։
Վաշինգտոնը վերահսկում է այն ճնշման գործիքները, որոնք ամենաուժեղն են հարվածում Թեհրանին, մինչդեռ Թեհրանը վերահսկում է մուտքը դեպի էներգետիկ տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող այդ նեղ հատվածը։ Կողմերից ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել իր լծակից՝ դրա դիմաց որևէ էական բան չստանալով։
Դա նշանակում է, որ միջանկյալ ընտրությունները կարող են դառնալ ոչ այնքան դիվանագիտական վերջնաժամկետ, որքան ժամկետ, մինչև որը պետք է պահպանվեն պայմանները, որոնք հնարավորություն են ընձեռում շարունակել դիվանագիտական ջանքերը։ Եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չկարողանան առկա ճնշման լծակները վերածել համաձայնության մինչև ընտրությունները, դիվանագիտության համար տարածքը կարող է նեղանալ՝ էսկալացիայի ռիսկի աճին զուգընթաց։
Նույնիսկ ճգնաժամից դիվանագիտական ելք գտնելուն ձգտելով՝ Թեհրանը պատրաստվում է Վաշինգտոնի հետ պատերազմի վերսկսման հնարավորությանը, հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է տնտեսական շրջափակումը և ուժի կիրառման սպառնալիքը որպես ճնշման գործիքներ օգտագործելու մեջ։ «Մեր մատները ձգանին են,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։- Ամերիկացիները գիտեն, թե ինչ պետք է անեն, բայց նրանց չափազանցված պահանջների պատճառով այս ճգնաժամը դիվանագիտությամբ լուծելու հնարավորությունները չափազանց փոքր են»։
Տարածաշրջանային աղբյուրները հայտնել են, որ Թեհրանը պատրաստ է հիմնական համաձայնագրի շրջանակում հրաժարվել Հորմուզի նեղուցով անցնելու համար տրանզիտային վճարներ գանձելու պահանջից և այդ հարցը տեղափոխել առանձին հավելված, քանի որ շրջափակման դադարեցումը նրա համար դարձել է ավելի հրատապ խնդիր։
Պարսից ծոցի երկրները մերժել են տրանզիտային վճարների սահմանման առաջարկը։ Ըստ տարածաշրջանային աղբյուրների՝ ցանկացած նման պայմանավորվածություն ժամանակավոր կլինի և չի նշանակի, որ Իրանը պաշտոնապես հրաժարվում է իր դիրքորոշումից։
ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ՝ շրջափակման վրա ավելացնելով նոր պատժամիջոցներ, ինչը գրեթե փակել է իրանական նավթի արտահանումը՝ երկրի համար արտարժույթի կարևորագույն աղբյուրներից մեկը։
Այս ամիս Վաշինգտոնը միջոցներ է սահմանել մնացած իրանական առևտրային ավիաընկերությունների և դրանց հետ կապված ցանցերի դեմ՝ տնտեսական ուղիները փակելու արշավի շրջանակում, որոնք աջակցում են իրանական կառավարությանը և ազդեցիկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանի տնտեսությունը կարող է «փտել», եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի։
«Իրանը առաջնահերթ կենտրոնացած է ոչ թե Հորմուզով անցնելու վճարներ սահմանելու, այլ ջրային ուղու նկատմամբ իր վարչական վերահսկողությունը պահպանելու վրա»,- ասել է աղբյուրը։- Իրանը կարող է համաձայնել հետաձգել վճարների հարցը, բայց նա չի հրաժարվի նեղուցի նկատմամբ վարչական վերահսկողությունից»։
Նյու Յորքում ընթացող դիվանագիտական ջանքերի կենտրոնում հիմնարար հակասություն է։ Վաշինգտոնը ցանկանում է, որ ճնշումը ստիպի Թեհրանին գնալ զիջումների, մինչդեռ Թեհրանը պահանջում է նախ հանել ճնշումը և միայն հետո գնալ զիջումների։ Պարսից ծոցի երկրները ցանկանում են ավարտել հակամարտությունը՝ թույլ չտալով, որ տարածաշրջանի ռազմավարական ջրային ուղիները վերածվեն մշտական սակարկության գործիքների։
Երկարատև հակամարտության մտավախություններ
Նյու Յորքում Թրամփի հետ առանձին հանդիպման ժամանակ Պարսից ծոցի երկրների առաջնորդները փորձել են հստակություն ստանալ միջանկյալ ընտրություններից հետո Վաշինգտոնի հետագա ծրագրերի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանց հետաքրքրում էր, թե արդյոք ԱՄՆ-ն կվերսկսի ռազմական գործողությունները, եթե Իրանը հրաժարվի վերադառնալ բանակցություններին։
Նրանք հայտարարել են Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ցանկացած վերահսկողության ընդհանուր անընդունելիության մասին՝ ընդգծելով, որ նավարկության ազատությունը պետք է վերականգնվի, իսկ ռազմավարական ջրային ուղին չպետք է վերածվի Պարսից ծոցի երկրների վրա ճնշման գործիքի, հայտնել են տարածաշրջանային աղբյուրները։
Սակայն Հորմուզի վերաբերյալ նախազգուշացումների հետ մեկտեղ տարածաշրջանի առաջնորդներն ակտիվորեն հանդես են գալիս դեէսկալացիայի և քաղաքական գործընթացի օգտին՝ արտացոլելով Պարսից ծոցի պետությունների ձգտումը՝ թույլ չտալու հետագա ներքաշում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ։
«Մինչ այժմ պարզ չէ, թե որն է Թրամփի վերջնական նպատակը և ինչն է դառնալու ճնշման արշավի այլընտրանքը», — հայտարարել է Աբու Դաբիում տեղակայված Emirates Policy Center վերլուծական կենտրոնի նախագահ Էբթեսամ ալ-Քեթբին։
«Իրանցիները, հակառակը, գիտեն, թե ինչ են ուզում։ Նրանք փոխում են տարածաշրջանային լանդշաֆտը Հորմուզի նեղուցի և Բաբ էլ-Մանդեբի միջոցով՝ հետապնդելով հստակ նպատակ, մինչդեռ Վաշինգտոնը դեռ չի սահմանել իր ճանապարհային քարտեզը», — ասել է նա՝ նկատի ունենալով Բաբ էլ-Մանդեբ նեղուցը, որը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցին։
Այս անորոշությունը նույնպես ազդում է Թեհրանի հաշվարկների վրա։ Տարածաշրջանային վերլուծաբան և Իսրայելի ռազմական հետախուզության նախկին աշխատակից Դենի Ցիտրինովիչը հայտարարել է, որ Նյու Յորքի բանակցությունները չեն փոխել կողմերից ոչ մեկի հիմնական դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ Իրանը դժվար թե նահանջի, քանի դեռ կարծում է, որ Թրամփը ձգտում է խուսափել ավելի լայն էսկալացիայից մինչև միջանկյալ ընտրությունները։
«Շրջափակումը ցավ է պատճառում նրանց, բայց դիրքորոշումը մեղմելու փոխարեն այն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի էսկալացիայի, որովհետև նրանք կարծում են. եթե մեղմացնեն իրենց դիրքորոշումը, նրանց վերջն է», — հայտարարել է Իրանի հարցով ամերիկացի նախկին բանակցող Ալան Էյրը։
Բանակցությունների ընթացքին ծանոթ արևմտյան պաշտոնյան հավելել է. «Ամեն ինչ հանգում է Հորմուզի նեղուցի բացմանը։ Մենք բոլորս ներքին ճնշում ենք զգում, և իրանցիները դա գիտեն»։
