Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ, իր կարծիքով, Միացյալ Նահանգները Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրեն Կոնգրեսի՝ նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։

Բացի Իրանից, իր ելույթում Թրամփն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմին, Կուբայի ճակատագրին և Գրենլանդիայի վերաբերյալ նոր համաձայնագրին, ինչպես նաև առաջարկել է վերանվանել արհեստական բանականությունը:

«Կարծում եմ՝ մենք Իրանի հետ գործարք կկնքենք ընտրություններից անմիջապես հետո, որովհետև նրանց համար իմաստ չկա այն չկնքել: Նրանք սպասում են՝ տեսնեն, թե ինչպես կընթանան գործերս միջանկյալ ընտրություններում»,- ասել է Թրամփը:

Թեհրանը չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, սակայն ինքը՝ ամերիկացի առաջնորդը, ելույթից հետո ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձինք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել են առաջին անգամ վերջին մի քանի ամիսների ընթացքում:

ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն սպասվում է կարևոր որոշում կայացնել՝ ոչնչացնե՞լ Իրանը, թե՞ նրա հետ համաձայնագիր կնքել:

«Ես ստիպված կլինեմ կարևոր որոշում կայացնել: Արդյո՞ք Իրանի հետ կկնքվի գործարք, որը նրանց թույլ կտա վերակառուցել երկիրը և այն դարձնել շատ ավելի հզոր, քան երբևէ եղել է,- ասել է ԱՄՆ նախագահը,- թե՞ ես պետք է ոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը, ընդ որում՝ անեմ դա արագ, որպեսզի նրանք այլևս չկարողանան մարդկանց սպանել և երկրներ ավերել»:

«Իսկական դժոխք կազմակերպե՞լ նրանց համար՝ առանց ողջ մնալու շանսերի, առանց ապագա հզորության և ապագա սերունդների հույսի: Բայց ես կարծում եմ, որ մենք գործարք կկնքենք ընտրություններից անմիջապես հետո»,- շարունակել է Թրամփը:

Թրամփը աշխարհի մյուս երկրներին կոչ է արել աջակցել Իրանի վրա գործադրվող ճնշմանը, ինչպես նաև հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իրանի դեմ պատերազմ սկսելով, կանխել է վերջինիս մոտ միջուկային զենքի հայտնվելը:

Share.