Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մեկնել Չինաստան՝ մասնակցելու ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հյուրընկալած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին՝ բաց թողնելով ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) հանդիպումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրները։ Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինը մտադիր է 2017 թվականից ի վեր առաջին անգամ անձամբ ներկա գտնվել ԱԽՏՀ վեհաժողովին, մինչդեռ «չափազանց ցածր է» հավանականությունը, որ նա կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին։
Աշնան սկզբին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Պուտինն ու Սին քննարկել են նոյեմբերի 18-19-ը Շենժենում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Թրամփի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Այս ծրագրի իրագործումը կախված կլինի նրանից, թե արդյոք ԱՄՆ ղեկավարը կորոշի մեկնել Չինաստան։ «Սի Ծինփինը, որպես հյուրընկալող կողմ, նշեց, որ ըստ ամենայնի կգա Թրամփը, և, բնականաբար, կգա նաև Պուտինը»,— պարզաբանել էր Ուշակովը։
Bloomberg-ը նկատում է, որ Պուտինն աշխատում է խուսափել բազմակողմ այնպիսի ձևաչափերից, որտեղ կարող է առերեսվել Կիևի եվրոպական դաշնակիցների, ինչպես նաև Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի ղեկավարների հետ։ Բացի այդ, Կրեմլում մտավախություն ունեն, որ G20-ի գագաթնաժողովին կարող է ներկայանալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով առաջարկել էր Պուտինին միջոցառման ընթացքում երկկողմ բանակցություններ անցկացնել պատերազմին վերջ տալու շուրջ։ Միևնույն ժամանակ, ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցությունը Ռուսաստանի նախագահին կընձեռի ամենախոշոր միջազգային հարթակը 2022 թվականին պատերազմի մեկնարկից ի վեր։
Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրները հայտնել են, որ ռուս պաշտոնյաները մինչև G20-ի գագաթնաժողովը էական առաջընթաց չեն ակնկալում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում և գնալով ավելի են հիասթափվում Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆից ու Ջարեդ Քուշներից։ «Մեծ քսանյակի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ը Մայամիում։
Պուտինն ու Թրամփը վերջին անգամ հանդիպել են Ալյասկայում՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին։ Ռուսաստանի նախագահի արտասահմանյան այցերի հնարավորությունները սահմանափակ են պատժամիջոցների, անվտանգության նկատառումների, ինչպես նաև ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեղադրանքով Միջազգային քրեական դատարանի կողմից 2023 թվականին տրված ձերբակալման օրդերի պատճառով։ Այդուհանդերձ, 2024 թվականին նա այցելեց Մոնղոլիա։
Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Պուտինն այցելել է նաև Չինաստան, Հնդկաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Հյուսիսային Կորեա, Վիետնամ և նախկին խորհրդային հանրապետություններ։
