Իսկապես, Ռուսաստանի այս պատերազմը Ուկրաինայի և ողջամտության դեմ պետք է դադարեցվի։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ տարվանից դրա հետևանքները հեռուն գնացող են եղել՝ բազմաթիվ մարդկանց մահ, քաղաքների ու գյուղերի ավերում, պարենային անվտանգության խնդիրներ, էներգետիկ խնդիրներ, տեխնոլոգիական զարգացման աննախադեպ տեմպեր, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, և հարվածային հնարավորությունների արագ զարգացում, ինչպիսին նախկինում չի եղել։ Այս պատերազմի յուրաքանչյուր նոր շաբաթը, էլ չասած՝ յուրաքանչյուր նոր տարին, ավելի ու ավելի շատ խնդիրներ է ավելացնում։ Հենց առաջին իսկ րոպեից Ուկրաինան ձգտել է խաղաղության։ Մենք արդեն ներկայացրել ենք տասնյակ դիվանագիտական առաջարկներ, թե ինչպես արժանապատվորեն ավարտել այս պատերազմը, երաշխավորել անվտանգությունը և կանխել Ռուսաստանի նոր ներխուժումները։ Այժմ ընթանում է երկխոսություն նախագահ Թրամփի և Ամերիկայի հետ։ Քննարկվում են նաև խաղաղությունը մոտեցնելու գաղափարներ՝ սկսելով լարվածության թուլացման վճռական քայլերից։ Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կենսական ենթակառուցվածքը և մեր պարենային արտահանումը պետք է դադարեն լինել Ռուսաստանի թիրախները, և դա մեր կողմից կհանգեցնի լարվածության թուլացման համապատասխան քայլերի։ Լուծումներ հնարավոր են։
Մենք պատրաստ ենք աշխատել դրա վրա և դա կքննարկենք մեր գործընկերների հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են։ Այժմ այլևս չի լինի այնպես, որ տուժի միայն հարձակման ենթարկված երկիրը։ Պատերազմի բնույթն այնպիսին է, որ տուժում է նաև ագրեսորը։ Տեխնոլոգիաները դա հնարավոր են դարձնում։ Երկրների ղեկավարության ուժը կարող է՝ և պետք է՝ լարվածության թուլացում, անվտանգություն և խաղաղություն ապահովի»,- նշել է նա։
