Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի

Դպրոց տանող ճանապարհը երեխայի ամենօրյա երթուղին է։ Այդ ճանապարհին նա երթևեկության լիարժեք մասնակից է, որի անվտանգությունը կախված է թե՛ իր զգոնությունից, թե՛ վարորդների պատասխանատու վարքագծից։

Դպրոցականների անվտանգ տեղաշարժի ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը հանրապետության 1142 դպրոցներում ոստիկանությունն իրականացնում է «Օրինապահ հետիոտն» միջոցառումը։

ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության անչափահասների հետ տարվող մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանի խոսքով՝ «Օրինապահ հետիոտն» միջոցառումը Նպատակ ունի ծանոթացնել աշակերտներին ճանապարհային երթևեկության կանոններին, նրանց առօրյան դարձնել առավել անվտանգ, սովորեցնել ճիշտ և անվտանգ հատել փողոցը՝խուսափելով հնարավոր պատահարներից։

Միջոցառման ընթացքում տեսական գիտելիքն ամրապնդվում է նաև գործնական ներկայացմամբ։ Երեխաները սովորում են՝ ինչպես անվտանգ տեղաշարժվել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տարբեր վտանգավոր իրավիճակներում։

Պարեկները աշակերտներին ներկայացնում են երթևեկության անվտանգության կանոնները, ցուցադրում ծառայողական մեքենաներում առկա սարքավորումները՝ դրանց նշանակությունն ու կիրառությունը։

Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցի ուսուցիչ Գոհար Ադամյանն ասում է․

«Երեխաները ծանոթ են իրենց սոցիալական դերին, գիտեն թե ինչպես պիտի իրենց դրսևորեն։ Նրանք պետք է իմանան լուսացույցի վրա յուրաքանչյուր գույնի նշանակությունը»։

Մայրաքաղաքի մեկ այլ դպրոցում համայնքային ոստիկաններն ու պարեկները աշակերտների հետ քննարկում են հեծանվով դպրոց գալու, հետիոտնի համար չնախատեսված հատվածով փողոցն անցնելու և այլ կարևոր թեմաներ։

Երթևեկության կանոնները սովորելով՝ երեխաները դառնում են նաև ընտանիքում անվտանգ վարքագծի փոքրիկ հուշարարներ։

Երևանի թիվ 153 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Մարգարյանը նշում է, որ համայնքային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը պարբերաբար տարբեր ձևաչափերով հանդիպումներ են ունենում դպրոցի աշակերտական կազմի հետ․ «Օրինապահ հետիոտն» միջոցառման շրջանակում աշակերտները հնչեցրել են իրենց հուզող հարցերը ու ստացել սպառիչ պատասխաններ։

Դասընթացների բովանդակությունն ու ձևաչափը հարմարեցված են աշակերտների տարիքային առանձնահատկություններին․ տարրական դասարանների երեխաները գործնական օրինակով ոստիկանի և դասվարի ձեռքը բռնած հատում են փողոցը, իսկ միջին և ավագ դասարաններում քննարկումներն այլ տրամաբանություն ունեն։

Այսօր դպրոցականները սովորում են ճանապարհային անվտանգության պարզ կանոնները, իսկ վաղը հենց այդ գիտելիքն է օգնելու նրանց դառնալ օրինապահ ու պատասխանատու քաղաքացիներ։

Share.