Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախապատրաստման, բուն քվեարկության և հետագայում արդյունքների ամփոփման փուլերում գործել է բացառապես Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Այս մասին Ազգային ժողովում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին, թե արդյոք ինքը մեղավորության զգացում չունի այն հանգամանքի համար, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկայացված են Ազգային ժողովում՝ ընտրակաշառքի վերաբերյալ հնչող պնդումների համատեքստում։

«Այսօր մենք խորհրդարանում ունենք այն համամասնությունը, այն պատկերը, որի օգտին քվեարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դա քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ԿԸՀ նախագահին, դուր կգա, թե ոչ, դա Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքն է»,- ասել է Հովակիմյանը։

Նա ընդգծել է, որ ոչ միայն իրեն մեղավոր չի զգում, այլև հպարտ է ընտրությունների կազմակերպման և անցկացրած գործընթացի արդյունքներով։

«Ես ոչ միայն ինձ մեղավոր չեմ զգում, այլև ավելին՝ ես հպարտ եմ այն փաստով, որ միջազգային գործընկերների հետ ընտրություններից հետո ունեցած շփումներում միայն դրական գնահատականներ եմ լսում»,- նշել է ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանի խոսքով՝ ընտրական գործընթացում արձանագրված թերությունները բացառիկ երևույթ չեն և նման խնդիրներ արձանագրվում են նաև այլ երկրներում։ «Այն թերությունները, որոնք եղել են, նույնիսկ այլ երկրներում են լինում։ Մենք ունենք խորհրդարան, որը ձևավորվել է ՀՀ քաղաքացիների կամքին համապատասխան և ամփոփված է քվեարկության օրինական արդյունքներով»,- ասել է նա։

Share.