Աբովյանում ՔՊ–ն մասնակցելու է ընտրություններին ինքնուրույն՝ առանձին ցուցակով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց Աբովյանում ՔՊ–ն ուզում է աջակցել գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, որ որ վերջինս անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով, սակայն այդ թեման քնած է։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ վարչապետի դուստր Մաիրամ Փաշինյանը հարթակ է ստեղծել, որտեղ ընդգրկել է ակումբների, մարզասրահների ընկերություններին և կարճ ժամանակում 200–ից ավելի ընկերություն նրա հետ պայմանագիր է կնքել, Փաշինյանն ասաց. «Իմ դուստրը ոչ մի բան չի ստեղծել, իմ դուստրն աշխատում է մի ընկերությունում որպես վարձու աշխատող և կատարում է իր պարտականությունները։ Որևէ այլ տրամաբանություն չկա։ Թե ինչքանով է լավ կատարում կամ վատ կատարում, դա արդեն ուրիշ խնդիր է»։
