2022 թվականի Պրահայի համաձայնությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցնելուց հետո սպառազինության գրեթե բոլոր շուկաները մեզ համար բացվեցին։ Սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ 2022 թվականի օգոստոսի դրությամբ որևէ երկիր Հայաստանին զենք չէր վաճառում։ Փաշինյանը պարզաբանել է, որ, ընդ որում, Հայաստանին չէին փոխանցում անգամ այն զինատեսակները, որոնց համար արդեն վճարվել էր։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այլ շուկաները փակ էին, քանի որ մատակարարման հնարավոր աղբյուրները պատճառաբանում էին, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի սպառազինության նմուշները կարող են հայտնվել երրորդ երկրներում։ «Բացի այդ, մտահոգություն էր հայտնվում, որ վաճառված զենքը կարող է կիրառվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս», – հավելել է վարչապետը։
Նա նշել է, որ մայիսի 28-ի զորահանդեսից հետո հարևան որևէ երկիր խնդիր չի հարուցել, քանի որ ակնհայտ էր, որ Հայաստանն իր բանակը չի կիրառելու իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս՝ բացառությամբ խաղաղապահ առաքելությունների։
Փաշինյանը վստահեցրել է, որ նախկին մտածողությունը մշտապես անվտանգային մարտահրավերներ է ստեղծել։ «Ընդ որում, մենք սրան հանգել ենք ոչ թե վերլուծությունների միջոցով, այլ կյանքն է ստիպել։ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ, որ եթե մտածողության մոդելը չփոխենք, կորցնելու ենք Հայաստանը։ 2022 թվականին մենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը կորցնելու եզրին էինք։ Մենք պետք է հաշվի նստենք սրա հետ», – նշել է նա։
Նրա խոսքով՝ անվտանգությունն ավելի բազմաշերտ երևույթ է, քան կարելի է պատկերացնել։ «Մինչև 2022 թվականն անվտանգության բանաձևը պարզունակ էր, քանի որ բաղկացած էր ընդամենը մեկ նախադասությունից․ «ՀԱՊԿ-ը կապահովի մեր անվտանգությունը»։ Այս նախադասությունը չուներ ո՛չ շարունակություն, ո՛չ նախաբան։ Դա մեկ բաղադրիչից կազմված համակարգ էր», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, Կառավարության ղեկավարը նկատել է, որ մարտունակ բանակ չունեցող երկիրը կարող է ագրեսիայի թիրախ դառնալ, ուստի, նրա խոսքով, Հայաստանը մարտունակ բանակ է զարգացնում իր միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու համար։
