Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի մի շարք օդանավակայանների աշխատանքը լրջորեն խաթարվել է Nats օդային երթևեկության կառավարման օպերատորի թռիչքային տվյալների մշակման համակարգում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, հաղորդում է BBC News-ը:
Խնդիրները, մասնավորապես, ազդել են Լոնդոնի Հիթրոու, Գեթվիք և Սթանստեդ օդանավակայանների, ինչպես նաև Իսթ Միդլենդսի, Մանչեսթերի, Բելֆաստի, Էդինբուրգի և Դուբլինի օդանավակայանների վրա։ Ուղևորներին զգուշացրել են ուշացումների և թռիչքների հնարավոր չեղարկումների մասին։
Հիթրոուում մոտ կեսօրին մեկնող թռիչքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Ավելի ուշ երթևեկությունը վերսկսվել է, սակայն ցերեկն իրավիճակը կրկին վատթարացել է․ օդանավակայանի տվյալներով՝ օդ են բարձրանում միայն փոքր թվով ինքնաթիռներ։ British Airways-ն արդեն չեղարկել է մի շարք կարճ չվերթներ՝ առաջնահերթություն տալով հեռավոր ուղղություններին։
Գեթվիքը նույնպես հայտնել է խափանումների մասին։ Օդանավակայանի խոշորագույն փոխադրող EasyJet-ը նախազգուշացրել է, որ անկայուն իրավիճակի պատճառով պետք է սպասել թռիչքների չեղարկումների։
Քանի որ ինքնաթիռների օդ բարձրանալու հնարավորությունները սահմանափակված են, սահմանափակումներ են մտցվել նաև վայրէջքների համար։ Արդյունքում որոշ չվերթներ չեն կարող իրականացվել Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող օդանավակայաններից, քանի որ օդանավերը չեն կարողանա վայրէջք կատարել նշանակման կետերում։
Nats-ը հայտնել է, որ հետաքննում է իր թռիչքային տվյալների մշակման համակարգում առաջացած տեխնիկական խնդիրը։ Ինժեներներն աշխատում են դրա վերացման վրա, իսկ ընկերությունը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Օպերատորն ուղևորներից ներողություն է խնդրել առաջացած ուշացումների համար։
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդերը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակից և հասկանում է, թե որքան տհաճ կարող է այն լինել ուղևորների համար։
Օդանավակայանները ճանապարհորդներին խորհուրդ են տալիս ուղևորությունից առաջ իրենց թռիչքների կարգավիճակը ստուգել անմիջապես ավիաընկերությունների մոտ։ British Airways-ը կոչ է արել այն ուղևորներին, որոնց հետ ընկերությունն անմիջականորեն չի կապվել, օդանավակայան մեկնել ըստ պլանի՝ նշելով, որ տեղի ունեցածը «ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է»։ Ryanair-ը հայտնել է, որ կծանուցի ազդակիր չվերթների ուղևորներին։
