Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Արհեստական բանականության տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ նաև օդերևութաբանության ոլորտում։ Google-ը ներկայացրել է իր նոր՝ WeatherNext 3 գլոբալ եղանակային մոդելը, որը համատեղում է արհեստական բանականության հնարավորությունները և իրական ժամանակում ստացվող արբանյակային դիտարկումները։

WeatherNext 3-ի կարևոր առանձնահատկություններից է կանխատեսումների ժամային թարմացումը։ Մոդելը մշակում է գեոստացիոնար օդերևութաբանական արբանյակներից ստացվող արդիական տվյալները և յուրաքանչյուր ժամ ձևավորում նոր կանխատեսում՝ հնարավորություն տալով առավել արագ արձագանքել մթնոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։

Մոդելը հնարավորություն է տալիս կանխատեսել՝

-օդի ջերմաստիճանն ու խոնավությունը՝ մինչև 5 կմ տարածական լուծաչափով,

-մակերևութային մի շարք այլ օդերևութաբանական պարամետրեր՝ շուրջ 10 կմ,

-մթնոլորտային որոշ պարամետրեր, այդ թվում՝ քամու արագությունը՝ շուրջ 25 կմ լուծաչափով։

Բարձր տարածական լուծաչափն ու տվյալների հաճախակի թարմացումը հատկապես կարևոր են արագ զարգացող եղանակային երևույթների՝ ուժեղ տեղումների, ամպրոպների, փոթորիկների և մթնոլորտային ճակատների զարգացման ընթացքը գնահատելու համար։

Նոր մոդելը կարևոր կիրառություն ունի նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այն կանխատեսում է քամու արագությունը 100 մ բարձրության վրա, ինչպես նաև տրամադրում է ամպամածության և արեգակնային ճառագայթման բարձր լուծաչափով տվյալներ։ Դրանք կարող են օգտագործվել հողմային և արևային էլեկտրակայանների արտադրողականության կանխատեսման համար։

WeatherNext 3-ն արդեն ինտեգրվում է Google-ի մի շարք ծառայություններում՝ եղանակային տեղեկատվությունն առավել օպերատիվ և տեղայնացված դարձնելու նպատակով։

Արհեստական բանականության վրա հիմնված նման մոդելները չեն փոխարինում օդերևութաբանական դիտարկումների համակարգին։ Ընդհակառակը՝ դրանց արդյունավետությունը մեծապես կախված է որակյալ և անընդհատ դիտարկումներից, իսկ ավանդական թվային մոդելների, արբանյակային ու ռադարային տվյալների և AI տեխնոլոգիաների համադրությունը ձևավորում է եղանակի կանխատեսման զարգացման նոր փուլ»,-գրել է նա։

Share.