ԱՄՆ-ում դեմոկրատները ընտրողներից նվազագույն նվիրատվություններ են խնդրում, որպեսզի առաջիկա նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իրենց կուսակցության ներկայացուցիչներին անցկացնեն Կոնգրես։
«Մինչև ընտրությունների օրը մնացել է երկու ամիս։ Այդ ընթացքում մենք պետք է դիմենք հնարավորինս շատ ընտրողների։ Կարո՞ղ ենք արդյոք հույս ունենալ յոթ դոլարի նվիրատվության վրա»։- իր կողմնակիցներին է դիմել Դեմոկրատական կուսակցությունը։
Այստեղ հայտնում են, որ գտնվել է «առատաձեռն նվիրատու», որը պատրաստ է կրկնապատկել ցանկացած ուրիշի ներդրում՝ մինչև քառորդ միլիոն դոլարի չափով։ «Դեռ կա հնարավորություն կրկնապատկելու ներդրումը՝ հանուն կուսակցության շահերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Յոթ դոլարը կդառնա տասնչորս, պարզաբանում է միավորումը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նվիրատվությունը կարելի է դարձնել ամսական, իսկ գումարի չափը կարող է փոփոխվել։
Միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում երկու կուսակցությունների ներկայացուցիչները կպայքարեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի տեղերի մեկ երրորդի համար, կանցկացվեն նոյեմբերի 3-ին։
ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը պնդում է, որ ընտրովի պաշտոնների հավակնող ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների շրջանում կան կոմունիստներ, և նրանց հաղթանակը կկործանի երկիրը։ Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե դեմոկրատները օրենսդիր մարմնում ստանան մանդատների մեծամասնությունը, ապա նրանք կրկին կփորձեն իրեն իմպիչմենտ հայտարարել։
