Բավարիայում՝ Մյունխենի շրջանում, սկսվել է ուկրաինական բանակի համար հարվածային անօդաչուների զանգվածային արտադրությունը, հայտնել են գերմանա-ամերիկյան պաշտպանական Auterion ընկերությունը և նրա ուկրաինական գործընկեր Airlogix-ը։
Ուկրաինային տրամադրվող գերմանական օգնության շրջանակում ձեռնարկությունը կարտադրի անօդաչուների երկու մոդել՝ միջին և մեծ՝ մինչև հազար հինգ հարյուր կիլոմետր, թռիչքային հեռահարությամբ։
Ընդհանուր առմամբ գործարանում նախատեսում են արտադրել ավելի քան հինգ հազար մարտական դրոն՝ Գերմանիայի կառավարության պատվերի շրջանակում։ Դրա ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 300 միլիոն եվրո։ Ակնկալվում է, որ պատվերը կկատարվի մինչև 2027 թվականի կեսերը։ Առաջին խմբաքանակն արդեն արտադրվել է։
Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2026 թվականի փետրվարին։ Դրա անվանումը և ճշգրիտ գտնվելու վայրը, ինչպես նաև այն դրոնների անվանումները, որոնք այն կարտադրի, չեն հրապարակվում։ Մյունխենի մերձակայքում գտնվող գործարանից բացի, արտադրությունը նախատեսվում է կազմակերպել նաև ևս մեկ ձեռնարկությունում՝ Արևելյան Գերմանիայում։
DPA գործակալության աղբյուրները պնդում են, որ անօդաչուները կհագեցվեն արհեստական բանականությամբ, որը դրոնը կհասցնի թիրախին նույնիսկ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների առկայության դեպքում։
