Նյու Յորքում մինչև ութերորդ դասարան պետական դպրոցների աշակերտների համար կներդրվի արհեստական բանականության օգտագործման արգելք։ Արգելքի մասին հայտարարությունն, ըստ news.am-ի, նախատեսվում է անել այսօր, իսկ այն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթ։

Այս փոփոխությունը ԱՄՆ-ի ամենամեծ դպրոցական շրջանում տեխնոլոգիաների օգտագործման արմատական բարեփոխման մի մասն է, որտեղ ամեն տարի սովորում է շուրջ 900 հազար աշակերտ։ Քաղաքականության մեջ ևս մեկ փոփոխություն այն է, որ դասարաններում աշակերտներին մինչև երրորդ դասարանը, այսինքն՝ մինչև ինը կամ տասը տարեկանը, կարգելվի օգտվել նոթբուքներից կամ պլանշետներից։ Քաղաքի՝ պետական դպրոցներում տեխնոլոգիաների օգտագործման քաղաքականությունը գտնվում է ԱՄՆ-ի մյուս նահանգների սևեռուն ուշադրության կենտրոնում։

Ուսուցիչներն ու ծնողները նախազգուշացումներ են հայտնել դպրոցներում արհեստական բանականության հիմքով ուսուցողական ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ՝ երեխաների հոգեկան առողջությանը և ճանաչողական զարգացմանը վնաս հասցնելու մտավախությունների պատճառով, մասնավորապես՝ տրամաբանական մտածողության գործառույթը ծրագրային ապահովմանը փոխանցելու հետևանքով։

ԱԲ-ի օգտագործումը կթույլատրվի միայն ավագ դպրոցում, որը ամերիկյան կրթական համակարգում սկսվում է իններորդ դասարանից։ Նույնիսկ այդ դեպքում այն կսահմանափակվի կոնկրետ նպատակներով, օրինակ՝ հենց տեխնոլոգիայի ուսումնասիրությամբ։

Կարգելվեն նաև ԱԲ-ի հիմքով «օգնական չատ-բոտերը», որոնք հոգեբանական աջակցություն են ցուցաբերում։ Կանոնները ուսուցիչներին թույլ են տալիս օգտագործել ԱԲ-ը այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են դասերի պատրաստումը կամ հաղորդագրությունների գրումը, բայց արգելում են դիմել ԱԲ-ին՝ հանձնարարությունները գնահատելու խնդրանքով։

Share.