Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան կոչ են արել էականորեն կրճատել Եվրահանձնաժողովի առաջարկած ԵՄ 2028–2034 թվականների բյուջեն։ Վեց երկրների համատեղ հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի օրը, երբ ԵՄ նոր բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ բանակցությունները մտել են վճռորոշ փուլ։

Հայտարարության հեղինակների կարծիքով՝ Եվրամիության բյուջեն պետք է հաշվի առնի անվտանգության ու պաշտպանության, մրցունակության բարձրացման, միգրացիայի և եվրոպական ինքնիշխանության ամրապնդման ոլորտներում աճող կարիքները: Ընդ որում, դրա ավելացումը պետք է ընթանա չափավոր տեմպերով:

Վեց երկրներ գտնում են, որ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած՝ գրեթե 2 տրիլիոն եվրոյի հասնող բյուջեն անհրաժեշտ է կրճատել մի քանի հարյուր միլիարդով: Նրանք ընդգծում են, որ կրճատումները պետք է վերաբերեն ծախսային բոլոր հիմնական ուղղություններին:

«Այն պայմաններում, երբ գրեթե բոլոր անդամ պետությունները բյուջետային ցավոտ կրճատումներ են իրականացնում, ԵՄ բյուջեն չի կարող բացառություն լինել», — նշված է հայտարարության մեջ:

Երկրները նաև կողմ են արտահայտվել ԵՄ ֆինանսական հոսքերի համապարփակ գնահատմանը՝ հաշվի առնելով ընթացիկ բյուջեով չկատարված վճարային պարտավորությունների զգալի ծավալը և դրանից դուրս գործող ֆինանսավորման լրացուցիչ մեխանիզմները: Բացի այդ, նրանք ակնկալում են, որ ԵՄ կառույցները կշարունակեն իրենց աշխատանքը աշխատակիցների ներկայիս թվաքանակի սահմաններում, իսկ երկրների միջև առկա չափազանց մեծ անհամաչափությունները կվերացվեն:

Հայտարարության հեղինակները կոչ են արել նաև ԵՄ ընդհանուր արժեքների և իրավունքի գերակայության պահպանումը դարձնել եվրոպական ֆինանսավորում ստանալու պարտադիր պայման:

Նրանց համոզմամբ՝ նոր բյուջեն պետք է ուղեկցվի ավելի արդյունավետ ու բիզնեսի համար նպաստավոր կարգավորումներով, ինչը կարագացնի տնտեսական փոխակերպումը, այդ թվում՝ նախագծերի պլանավորման և թույլտվությունների ստացման ժամկետների կրճատման հաշվին:

Գերմանիան, Դանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան դեմ են արտահայտվել նաև ԵՄ անունից նոր համատեղ փոխառությունների ներգրավմանը՝ դա անվանելով ոչ թե բյուջետային խնդիրների լուծում, այլ կառուցվածքային բարեփոխումներից խուսափելու միջոց:

Վեց երկրները հայտարարել են, որ աջակցում են 2026 թվականին բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ բանակցությունների ավարտին:

Share.