Բրիտանական երեք օդանավակայանների վրա իրականացված կիբեռհարձակման հետևանքով շուրջ 8,7 միլիոն հաճախորդների տվյալներ են արտահոսել: Հարվածի տակ են հայտնվել Մանչեսթերի, Լոնդոն-Ստանստեդի և Իսթ Միդլենդսի օդանավակայանները, որոնք ղեկավարում է «Manchester Airports Group»-ը (MAG)․ հայտնում է «The Guardian»-ը:

Հաքերները հասանելիություն են ստացել հաճախորդների էլեկտրոնային հասցեներին, հեռախոսահամարներին, ավտոմեքենաների պետհամարանիշերին և փոստային ինդեքսներին: Այս տվյալները պահվում էին այն համակարգում, որը կապված է ավտոկայանատեղիների, սպասասրահների և արագացված զննման ծառայությունների ամրագրման, ինչպես նաև օդանավակայանների Wi-Fi ցանցին միանալու հետ:

MAG-ում ընդգծել են, որ բանկային քարտերի տվյալներն ու վճարային տեղեկատվությունը չեն պահվել խոցված համակարգում: Կիբեռհարձակումը նաև չի ազդել ուղևորների և ավիացիոն անվտանգության վրա, իսկ օդանավակայանների բնականոն աշխատանքը չի խաթարվել:

Ընկերությունից հայտնել են, որ միջադեպը հայտնաբերելուց անմիջապես հետո «չեզոքացրել են ռիսկը» և ներգրավել մասնագետների՝ հաճախորդների տվյալներն ու համակարգերը պաշտպանելու համար: Պատահարի մասին տեղեկացրել են համապատասխան իշխանություններին:

Լոնդոն-Ստանստեդի օդանավակայանը զգուշացրել է տուժած հաճախորդներին առանձնահատուկ զգոնություն ցուցաբերել անսպասելի էլեկտրոնային նամակների, զանգերի և օդանավակայանի անունից ուղարկված հաղորդագրությունների նկատմամբ: Հաճախորդներին հորդորել են նման ալիքներով չփոխանցել վճարային կամ բանկային տվյալները:

Share.