Իտալիայի արհեստագործական ձեռնարկությունների և փոքր ու միջին բիզնեսի կոնֆեդերացիայի (CNA) երկուշաբթի օրվա գնահատականներով՝ Իրանի դեմ պատերազմը կարող է մոտ 12 միլիարդ եվրո արժենալ Իտալիայի համար, հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։

CNA-ի տվյալներով՝ մարտի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի, էլեկտրաէներգիայի և գազի լրացուցիչ ծախսերը կարող են կազմել շուրջ 11,6 միլիարդ եվրո (համեմատած փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց առաջ եղած գների ու ծախսերի մակարդակի հետ)։

Հավելյալ ծախսերի բեռն ընկնում է ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ձեռնարկությունների ուսերին, ընդ որում՝ դրանց ավելի քան կեսը բաժին է ընկնում տրանսպորտին ու փոխադրումներին։

CNA-ն բենզինի և դիզելային վառելիքի հավելյալ ծախսերը վեցամսյա հատվածի համար գնահատել է մոտ 5,8 միլիարդ եվրո։

Հուլիսյան տվյալները ցույց են տվել բենզինի բարձր պահանջարկ․ սպառումը հասել է 900 հազար մետրիկ տոննայի, ինչը վերջին 16 տարվա ամենաբարձր ցուցանիշն է և 3,1%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ամսվա մակարդակը։

Միևնույն ժամանակ, դիզելային վառելիքի սպառումը նշված ժամանակահատվածում նվազել է, ինչը թույլ է տվել փոքր-ինչ կրճատել ծախսերի ընդհանուր գումարը։ Սակայն այդ նվազումը բավարար չի եղել գների աճը փոխհատուցելու համար։

Զգալիորեն ավելացել են նաև էլեկտրաէներգիայի ծախսերը։ CNA-ի գնահատմամբ՝ վեց ամսվա հավելյալ ծախսերը կազմել են շուրջ 3,7–3,8 միլիարդ եվրո։

Տվյալները ցույց են տալիս նաև, որ գնային շոկը չի հանգեցրել պահանջարկի անկման․ հուլիսին Իտալիայում էլեկտրաէներգիայի սպառումը հասել է այդ ամսվա համար ռեկորդային ցուցանիշի։

Share.