Ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի այն ընկերությունների և երկրների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների կիրառման շրջանակը, որոնք շարունակում են գործարար կապեր պահպանել Իրանի հետ, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրի։
Աղբյուրի խոսքով, որը ցանկացել է անանուն մնալ, քանի որ լիազորված չէ հրապարակայնորեն քննարկել այս հարցը, այս քայլը կոչված է դառնալու «վերջին նախազգուշացումը» այն երկրների համար՝ պահանջով խզել գործարար կապերը Իրանի հետ։ Վաշինգտոնը հույս ունի այս կերպ հասնել հակամարտության դադարեցմանը, որը շարունակվում է գրեթե վեց ամիս և փաստացի արգելափակել է նավարկությունը Հորմուզի նեղուցով ու էներգակիրների արտահանումը Պարսից ծոցի երկրներից։
Ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երկուշաբթի մամուլի ասուլիսում կհայտարարի Իրանի նկատմամբ նոր միջոցների լրացուցիչ մանրամասները։
Աղբյուրը հայտնել է, որ Բեսենթը նաև մտադիր է ներկայացնել Իրանի դեմ տնտեսական ճնշման արշավի ավելի լայն պատկերը, որը նա և նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում անվանել էին «տնտեսական D-Day»։
Բացի այդ, Բեսենթը պետք է հասկացնի երկրներին, որ նրանք պետք է ընտրեն ԱՄՆ-ի կողմը, հակառակ դեպքում նրանց առանցքային ընկերություններն ու կազմակերպությունները վտանգում են անջատվել դոլարի վրա հիմնված ֆինանսական համակարգից։
