Ռուսաստանի իշխանությունները կուժեղացնեն ռուսաստանցիների տեղաշարժի վերահսկողությունը երկրի ներսում և արտասահմանում՝ միջքաղաքային ու միջազգային տրանսպորտի բոլոր տեսակներով։ Տրանսպորտի նախարարության համապատասխան հրամանի նախագծի վրա ուշադրություն է դարձրել «Վյորստկան»։

2024 թվականից Ռուսաստանում արդեն գործում է Տրանսպորտի նախարարության հրամանը, որի համաձայն երկրում վարվում են տրանսպորտային միջոցների ուղևորների և անձնակազմի անձնական տվյալների ավտոմատացված կենտրոնացված բազաներ։ Տեղեկատվությունն այնտեղ են փոխանցում փոխադրողներն ու տոմսերի ամրագրման ընկերությունները։

Արդեն իսկ նրանք պարտավոր են տոմսերի գնման, վերադարձի, վերաձևակերպման, ուղևորների նստեցման և իջեցման, տրանսպորտի մեկնման կամ չվերթի չեղարկման, ինչպես նաև մի շարք այլ գործողությունների մասին տվյալները փոխանցել իրենց համակարգերում գրանցվելուց հետո 15 րոպեի ընթացքում (ինքնաթիռի կամ գնացքի դեպքում) և 30 րոպեի ընթացքում (ավտոմոբիլային, ծովային կամ ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների դեպքում)։

Սակայն այժմ խոսքը վերաբերում է միայն տրանսպորտի պլանային մեկնմանը կամ ուղևորի նստեցմանը։ Հրամանի նոր նախագծում, որը «Վյորստկա»-ն հայտնաբերել է իրավական ակտերի պորտալում և որը պետք է փոխարինի գործող փաստաթղթին, առանձին սահմանվում է, որ ստիպված կլինեն փոխանցել ինչպես պլանային, այնպես էլ փաստացի տվյալները՝ ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային չվերթների վերաբերյալ։

Բացի այդ, ավիաչվերթների դեպքում փոխադրողները լրացուցիչ տվյալներ կփոխանցեն նստեցումների (տրանզիտի/վերանստման) և ուղեբեռի պարամետրերի մասին։ Ինչպես նաև, տրանսպորտի բոլոր տեսակներով իրականացվող յուրաքանչյուր ուղևորություն կստանա իր եզակի կոդը։

Ավտոմատացված բազաներում կշարունակեն փոխանցվել ուղևորների անձնական հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները, ուղևորների անձնական հաշիվների (էջերի) լոգիններն ու գաղտնաբառերի հեշ-արժեքները, IP-հասցեներն ու տոմսի ձևակերպման ժամանակ փոխանցված պորտերի համարները, ինչպես նաև գնման համար օգտագործված բանկային քարտերի և հաշիվների մասին տվյալները (օրինակ՝ քարտի կամ հաշվի վերջին չորս նիշերը)։

Իրավաբան, «Կովչեգ» նախագծի հիմնադիր Անաստասիա Բուրակովան կարծում է, որ թարմացված հրամանն ուժայինները կօգտագործեն օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ԱԴԾ հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ կոնկրետ մարդկանց որոնման հարցման դեպքում։ «Վյորստկա»-ի հետ զրույցում Բուրակովան նշում է, որ քաղաքացիների տեղաշարժի մասին տեղեկատվություն ստանալը կդառնա ավելի հարմար և պակաս ծախսատար։

«Պերվիյ օտդել»-ի փաստաբան Եվգենի Սմիրնովի կարծիքով՝ նոր նախագիծն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք գտնվում են ռուսական ուժայինների հսկողության տակ։ Դրանք քրեական գործերով մեղադրյալներն են, դատապարտյալները և նրանք, ում նկատմամբ, դարձյալ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

««Ռոզիսկ-մագիստրալ» համակարգը, որը հավաքագրում է այս տվյալները (հրամանի նախագծում այն չի հիշատակվում — խմբ․), արդեն իսկ բավականին արդյունավետ է։ Այժմ նրանք փորձում են այն դարձնել էլ ավելի ճշգրիտ, որպեսզի տեղաշարժերի մասին տեղեկատվությանը հետևեն բառացիորեն առցանց ռեժիմով և նվազագույն ուշացումներով»,- ավելացրել է նա։

«Պերվիյ օտդել»-ի ներկայացուցիչը նաև հավանական է համարում, որ հետևումն ու վերահսկողությունը կդառնան ավելի արդյունավետ․ այդ թվում՝ վկաների նկատմամբ, որպեսզի թույլ չտան նրանց հեռանալ և հասցնեն հարցաքննել։

Այդուհանդերձ, երկու փորձագետն էլ չեն կարծում, որ այս գործիքը կօգտագործվի զորահավաքի ժամանակ։ «Դրա համար առանց այն էլ ամեն ինչ պատրաստ է․ երկրից ելքի ավտոմատ արգելք, վարորդական իրավունքի վկայականների կասեցում»,- եզրափակում է «Պերվիյ օտդել»-ի ներկայացուցիչը։

Share.