Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
«Համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Հովհաննիսյանին նշանակել պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,–նշված է հրամանագրում։
Հիշեցնենք` Արամ Հովհաննիսյանը 2023 թ. հունվարի 9-ից մինչև 2025 թվականի հունիսի 2–ը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, մինչ այդ՝ 2020-2023 թթ, եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
60-ամյա Հովհաննիսյանը ներքին գործերի մարմիններում աշխատում է 1990 թվականից: Այս պաշտոնում նա փոխարինել է Աշոտ Զաքարյանին, որը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո կադրային փոփոխություններ կլինեն ռազմական ոստիկանությունում, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
