Շոգ ամառային մի օր իսրայելցի վերաբնակերը զովանում էին Արևմտյան ափին գտնվող ավազանում, որը լցվել էր պաղեստինյան դաշտերի ոռոգումից «խլված» ջրով։ Այս դեպքը օկուպացված տարածքում ջրային ռեսուրսների զավթման բազմաթիվ դրվագներից մեկն է, գրել է Reuters-ը։
Այս աղբյուրը կենսական նշանակություն ունեցող զարկերակ էր մոտակա պաղեստինյան Ֆասայիլ գյուղի համար՝ Հորդանանի բերրի հովտում։ Պաղեստինցիները դարեր շարունակ ապավինել են դրան՝ սննդի, եկամտի և իրենց տների՝ իսրայելական ջրամատակարարման ցանցից անկանոն մատակարարվող ջուրը լրացնելու համար։
«Մեր ջրամատակարարման համակարգը մինչ օրս անջատված է, և դա մեզ զրկում է այն ջրից, որից կախված են մեր տները, ապրուստի միջոցները և գյուղատնտեսական հողերը», — պատմել է տեղի ֆերմեր Սաադ Նեմերը։
Հունիսին իսրայելցի վերաբնակները փակել են նրա ոռոգման խողովակաշարը՝ ջուրն ուղղելով հնագույն ավազանի կողմը, որը գտնվում է հնագիտական հուշարձանի տարածքում։ Շուտով վերաբնակները սկսել են այն գովազդել որպես իսրայելական զբոսաշրջային տեսարժան վայր, իսկ Իսրայելի ծայրահեղ աջ ֆինանսների նախարարը խոստացել է նախագծին տրամադրել ֆինանսական աջակցություն։
«Հիմա նրանք զբաղվում են այս ավազանի շուրջ հանգստի այգու կառուցապատմամբ», — ավելացրել է Նեմերը։
Վերաբնակները պաղեստինցիներին չեն թողնում մոտենալ աղբյուրներին
Ֆասայիլում աղբյուրի զավթումը համապատասխանում է ընդհանուր միտմանը, որի նպատակը, պաղեստինցիների խոսքով, Արևմտյան ափում կյանքն անտանելի դարձնելն է։ ՄԱԿ տվյալներով՝ ընթացիկ տարում իսրայելցի վերաբնակները հարձակվել են առնվազն 160 ջրամատակարարման և սանիտարական ենթակառուցվածքի օբյեկտների վրա պաղեստինյան տարածքներում։
Նեմերի ջերմոցներն ու դաշտերը սովորաբար պատված էին սմբուկի, դդմիկի և ձմերուկի խիտ բուսականությամբ, սակայն առանց ջրի նա չի կարողացել ոչինչ տնկել այրված հողի վրա։
«Այն, որ վերաբնակները փակել են մեր ջուրը, հանգեցրել է կորուստների և նշանակում է, որ շատ ընտանիքներ կզրկվեն աշխատանքից և ապրուստի միջոցներից», — դժգոհել է նա։
Նեմերի խոսքով՝ մոտ երկու տարի առաջ վերաբնակները ծեծել էին նրա աշխատողներից մեկին, իսկ իրեն սպառնացել էին աղբյուրին մոտենալու փորձի համար։
21-ամյա իսրայելցի վերաբնակիչ Իշայ Շրայբերը (Yishai Shreiber), որը օգոստոսյան մի օր եկել էր լողալու Ֆասայիլի մոտ գտնվող ավազանում, հայտնել է, որ պաղեստինցիներն այժմ նույնիսկ չեն համարձակվում մոտենալ այդ վայրին։
«Հիմա, երբ նրանք տեսնում են մարդկանց այս ամբողջ զանգվածը՝ հրեաների բոլոր այդ մեծ խմբերը, որոնք գալիս են այստեղ լողալու, նրանք վախենում են մոտենալ», — ասել է Շրայբերը։ Նա հավելել է, որ Արևմտյան ափը պատկանում է հրեական ժողովրդին, և եթե պաղեստինցիները չեն ցանկանում ենթարկվել հրեական իշխանությանը, նրանք պետք է հեռանան։
Նեմերը Reuters-ին ներկայացրել է հողի սեփականության իրավունքը հաստատող 2025 թվականի փաստաթուղթ, որը տրվել է COGAT-ի՝ օկուպացված տարածքներում քաղաքացիական քաղաքականության համար պատասխանատու իսրայելական ռազմական գերատեսչության կողմից։ Նա նաև ներկայացրել է 1957 թվականին (դեռ մինչև օկուպացիան) սեփականության իրավունքների գրանցման ընթացքում կազմված քարտեզ, որտեղ նշված է, որ իր հողամասը ներառում է ինչպես հենց աղբյուրը, այնպես էլ ավազանը։
«Ջրային պատերազմը»՝ որպես Արևմտյան ափի զավթման մաս
Իսրայելի ծայրահեղ աջ կոալիցիոն կառավարությունը վերահսկում է բնակավայրերի լայնածավալ շինարարությունը, որը, Սմոտրիչի խոսքով, նպատակ ունի վերջնականապես թաղել պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը։ Հիշեցնենք, որ Պաղեստինի անկախությունը (Գազայի հատվածի և Արևմտյան ափի սահմաններում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը) մինչ օրս ճանաչել են ՄԱԿ 193 անդամ պետություններից ավելի քան 150-ը։
ՄԱԿ-ը և կառավարությունների մեծ մասը բնակավայրերը համարում են անօրինական՝ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, որը կարգավորում է ռազմական օկուպացիայի հարցերը։ Իսրայելը գրավել է Արևմտյան ափը 1967 թվականի պատերազմի ընթացքում, սակայն պնդում է, որ այս տարածքը «վիճելի» է, ոչ թե «օկուպացված»։
Պաղեստինցիները բախվում են վերաբնակիչների կողմից բռնության կտրուկ աճի։ Պաղեստինցի դաշտային հետազոտող Ֆարես Ֆոքահաայի (Fares Foqahaa) գնահատմամբ՝ վերաբնակներն արդեն վերահսկողություն են հաստատել Հորդանանի հովտի հյուսիսային մասի աղբյուրների 95 տոկոսի վրա՝ դուրս մղելով տեղական համայնքներին։
Արևմտյան ափի մեկ այլ գյուղում՝ Կուսրայում, վերաբնակները շարունակում են պաշարել երեք բնակելի տուն՝ նախապես անջատելով դրանցում ջուրն ու էլեկտրականությունը։
Պաղեստինյան ինքնավարության ջրային ռեսուրսների վարչության պաշտոնյա Ադել Յասինը նշել է, որ վերաբնակները նպատակաուղղված ոչնչացնում են ջրային ռեսուրսները՝ պաղեստինցիներին իրենց հողերից դուրս մղելու համակարգված արշավի շրջանակում։
«Ես սա դիտարկում եմ որպես ջրային պատերազմ։ Սա անձայն փամփուշտ է, որը սպանում է պաղեստինցիներին առանց որևէ ձայնի», — այսպես է նա բնութագրել կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման գործընթացը։
