ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հայելային ձևով կպատասխանի, եթե արևմտյան երկրները գրավեն ռուսական առևտրային նավերը ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Անշուշտ, սա (խմբ.՝ ԵՄ մի շարք երկրների կողմից ռուսական նավերը բռնագրավելու և գույքը վաճառելու որոշումը) ոչ այլ ինչ է, քան ծովահենություն և կողոպուտ։ Եվ եթե դա գործնականում սկսի իրականացվել, մենք ստիպված կլինենք հայելային ձևով պատասխանել», – ասել է Պուտինը՝ օգոստոսի 12-ին Յուժնո Սախալինսկում ներկա գտնվելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ավարտական փուլին։
Նա ընդգծել է, որ պարտադիր չէ, որ դա արվի այն ջրատարածքներում, որտեղ իրականացվում է ռուսական նավերի զավթում, այլ կիրականացվի «այնտեղ, որտեղ արդեն մենք ինքներս անհրաժեշտ և նպատակահարմար կգտնենք, ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»։
ՌԴ ղեկավարը միջոցառման բոլոր մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս հարցի վրա և հայտարարել, որ Պաշտպանության նախարարությանը տրվել է համապատասխան հանձնարարություն։
«Վերջերս նրանք հանգել են մեր նավերը բռնագրավելու և մեզանից գողացված ունեցվածքը վաճառելու մտքին», – ասել է Պուտինը։
