ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այդ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման ծրագրերը սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով՝ լարվածությունն աճեցվում է ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլև հարևան Արկտիկական տարածաշրջանում։

Նա հավելել է, որ Ճապոնիան Ռուսաստանի դեմ սահմանել է չսադրված պատժամիջոցներ՝ չխորանալով Ուկրաինայում հակամարտության պատճառների մեջ։

«Ռուսաստանը չի սպառնում Ճապոնիային, Մոսկվան Տոկիոյի նկատմամբ որևէ պահանջ չունի։ Ճապոնիան պահանջներ ունի ՌԴ-ի նկատմամբ Կուրիլների հարցով, թեև դրանք միջազգային փաստաթղթերում ամրագրված են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրողություններ՝ Ռուսաստանի կազմում։ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ուներ Սինձո Աբեի և ճապոնացի մյուս ղեկավարների հետ, սակայն այժմ Տոկիոն փոխել է իր դիրքորոշումը», — նշել է Պուտինը։

 Նրա խոսքով՝ մի շարք արևմտյան երկրների իշխանությունները, խախտելով ծովային իրավունքը, փորձում են սահմանափակել ՌԴ առևտրային նավերի տեղաշարժը։

Նա խոստացել է, որ Ռուսաստանը իր առևտրային նավերի գրավմանը կպատասխանի հայելային կերպով՝ ոչ միայն նույն ջրատարածքներում, այլև ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում։ Պուտինը Ռուսաստանի նավերի գրավման Արևմուտքի ծրագրերը անվանել է «ծովահենություն և ավազակություն»։

Share.