Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրողները՝ Raytheon-ը և Lockheed Martin-ը, մտավախություն ունեն, որ Ուկրաինան, լիցենզիա ստանալու դեպքում, կգտնի հրթիռ-որսիչները կատարելագործելու միջոց, ապա կսկսի դրանք արտադրել մեծ ծավալներով, ավելի արագ և զգալիորեն ավելի քիչ ծախսերով, քան դա հնարավոր է «ԱՄՆ-ի արտադրական գծերում», գրում է The Atlantic-ը։
Միևնույն ժամանակ ամերիկյան պաշտպանական ընկերությունները «պաշտոնապես իրենց մտահոգությունները կհիմնավորեն մտավոր սեփականության գողությամբ և տեխնոլոգիաների փոխանցմամբ», — հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներից մեկին, որը աջակցում է Կիևին լիցենզիա տրամադրելուն։
Ուկրաինայի նախագահը Patriot-ի լիցենզիաներ էր խնդրել Վաշինգտոնից դեռևս պատերազմի առաջին տարում՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, սակայն այն ժամանակ Կիևը մերժում էր ստացել՝ առանց պատճառները բացատրելու, հայտնում է The Atlantic-ը։
«Այժմ մենք պայմանավորվածության ենք հասել նախագահ Թրամփի հետ, որ նա կտա այդ լիցենզիաները, բայց պատկերացրեք, եթե մենք դրանք ստացած լինեինք չորս տարի առաջ <…> Հիմա մենք զբաղված ենք թղթաբանությամբ։ Իսկ մեր վրա թռչում է ոչ թե թղթի կտոր, ոչ թե թղթե հրթիռ, այլ իրական հրթիռ, որը սպանում է մարդկանց», — ընդգծել է ուկրաինական առաջնորդը, փոխանցում է DW-ն։
Սակայն առայժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաստատել Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռ-որսիչների արտադրության լիցենզիաներ տրամադրելու վերջնական պատրաստակամությունը։ Մարտի 6-ին Թրամփը հայտարարել էր, որ այդ հրթիռները պետք են հենց ԱՄՆ-ին։
