Ծայրահեղ շոգը վերածվում է լուրջ սպառնալիքի Եվրոպայի տնտեսության համար՝ խաթարելով բացօթյա աշխատանքից կախված ճյուղերի գործունեությունը և ի հայտ բերելով աշխատողների պաշտպանության համակարգի թերությունները, գրում է EUobserver-ը։
«Չափազանց շոգը լուրջ սպառնալիք է Եվրոպայի առողջապահության և տնտեսության համար և ունի զգալի մակրոտնտեսական և նույնիսկ բյուջետային հետևանքներ»,- հայտարարել է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) փորձագետ Հանս Մարտին Ֆյուսելը։
Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակվող անտառային հրդեհների պայմաններում, որտեղ կրակով պատված են տասնյակ հազարավոր հեկտար տարածքներ և հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, աճում են մտավախությունները ջերմային ալիքների տնտեսական վնասի մասշտաբների վերաբերյալ։
Եվրոպայում շոգի վերջին ալիքն արդեն հանգեցրել է մի շարք երկրներում, ներառյալ Ֆրանսիայում և Իսպանիայում, ջերմաստիճանի 40 °C-ի նիշը գերազանցելուն: Ընդ որում, առողջապահական համակարգերի վրա ընկած ծանրաբեռնվածությունը դարձել է հազարավոր լրացուցիչ մահերի պատճառներից մեկը:
«Ջերմային սթրեսը հաճախ անվանում են լուռ մարդասպան»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Ըստ Allianz SE ապահովագրական ընկերության մոդելավորման՝ Ֆրանսիան կարող է բախվել ամառային շոգի պատճառով ամենամեծ տնտեսական կորուստներին. մինչև 2030 թվականը տնտեսության համար հնարավոր վնասը կկազմի մոտ 240 միլիարդ ԱՄՆ դոլար (211 միլիարդ եվրո)։
2014–2024 թվականներին ավելի քան 40 երկրներում շոգի ալիքների հետևանքների գնահատման վրա հիմնված վերլուծությունը ցույց է տվել, որ ծայրահեղ ջերմաստիճանները հատկապես ուժեղ են ազդում գյուղատնտեսության և շինարարության վրա։ 30 °C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում նվազում է բացօթյա աշխատանքի արտադրողականությունը, իսկ բերքը կարող է ոչնչանալ:
Հետազոտության տվյալներով՝ Իտալիան կարող է կորցնել մոտ 147 միլիարդ դոլար, Գերմանիան՝ 131 միլիարդ դոլար, իսկ Իսպանիան՝ մոտ 120 միլիարդ դոլար։ Ընդ որում, Հարավային Եվրոպայի երկրները, մասնավորապես Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, կարող են բախվել առավել լուրջ բյուջետային հետևանքների՝ վնասը փոխհատուցելու սահմանափակ հնարավորությունների պատճառով:
Ծայրահեղ շոգը սպառնում է նաև գյուղատնտեսությանը։ Իտալացի ագրոկլիմայագետ Մարկո Մորիոնդոն նշել է, որ ծաղկման շրջանում մեկ օր անոմալ բարձր ջերմաստիճանն ի վիճակի է ոչնչացնել ձիթապտղի ամբողջ բերքը։ Այլ հետազոտության տվյալներով՝ Պիրենեյան թերակղզում ձիթապտղի յուղի արտադրությունը կարող է կրճատվել մինչև 28%-ով:
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունից նախազգուշացնում են, որ շոգն այլևս բացառապես հանրային առողջության խնդիր չէ, այլ դառնում է երկարաժամկետ տնտեսական ռիսկ։
«Ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները կառուցվածքային սպառնալիքներ են, որոնք ռիսկեր են ստեղծում բազմաթիվ ոլորտների և ընդհանուր առմամբ տնտեսության համար»,- հայտարարել է EEA-ի փորձագետ Արիաննա Ջանետին:
