97-ամյա բրիտանացի Բեթի Բրոմեյջը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենատարեց կինը, որը քայլել է երկթև ինքնաթիռի թևի վրայով։
Չնայած անցյալ օգոստոսին կաթված ստանալուն և տեսողության խնդիրներին, Չելտենհեմից քաջարի թոշակառուն ավարտել է իր վեցերորդ հնարքը վերջին տասնամյակում։
Բեթին ասում է, որ էքստրեմալ սպորտաձևերի նկատմամբ իր ծարավը օգնում է իրեն խուսափել առօրյայից և տարիքային սահմանափակումներից։

«Հակառակ դեպքում կյանքը պարզապես ձանձրալի կդառնար։ Ես չեմ կարողանում վարել, տեսողությունս վատ է, և դա ինձ մի փոքր հիասթափեցնում է։ Այնպես որ, ես ուզում եմ անել այն, ինչ կարող եմ։ Միակ դժվարությունը թև բարձրանալն է, քանի որ ես շատ բարձրահասակ չեմ։ Երբ այնտեղ ես, խնդիր չկա։ Զվարճանքի այգում շատ ավելի սարսափելի կլիներ»։
Բեթին խոստովանել է, որ իր էքստրեմալ սխրանքները ոգեշնչվել են մի մեջբերումով, որը նա կարդացել է տարիներ առաջ այն հիվանդանոցի պատին, որտեղ նա աշխատում էր որպես բուժքույր. «Մենք այս աշխարհով անցնում ենք միայն մեկ անգամ… հիմա բարիք արա, մի հետաձգիր»։

Թոշակառուն իր վերջին ռեկորդը նվիրել է բարեգործությանը. հավաքված միջոցները փոխանցվել են Չելտենհեմի գլխավոր հիվանդանոցին, որի անձնակազմը հոգ է տարել նրա առողջության համար կաթվածից հետո։
Հարյուրամյա կինը չի պլանավորում դրանով կանգ առնել։ Նա արդեն իսկ մեծ ծրագրեր ունի ապագայի համար։ «Իմ 100-ամյակի համար ես պետք է ինչ-որ յուրահատուկ բան մտածեմ»։
