Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս մերժել օտարերկրյա ներդրողներին ռուսական ընկերությունների բաժնետոմսերի հետգնման իրավունքը։ Դա վերաբերում է այն անձանց, ովքեր իրենց կապիտալը դուրս են հանել հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փաստաթուղթը սահմանում է այն օտարերկրյա ներդրողների կողմից ռուսական ընկերությունների բաժնետոմսերի և կապիտալում մասնաբաժինների հետգնման իրավունքի կիրառման առանձնահատկությունները, որոնցից նրանք դուրս են եկել 2022 թվականի փետրվարի 22-ից հետո։ Ընդ որում, այդ բաժնետոմսերի և մասնաբաժինների ներկայիս տերերին իրավունք է տրվում օտարերկրյա ներդրողին մերժել դրանց հետգնման իրավունքը, սակայն միայն դատական կարգով և մի շարք պայմանների պահպանման դեպքում։

Ռուս գործարարները դատական կարգով կարող են մերժել հետգնման համաձայնագրերով նախկին օտարերկրյա սեփականատերերին ակտիվների վերադարձը։ Դա կարող է տեղի ունենալ, եթե նման գործարքներն ունեցել են ոչ շուկայական բնույթ, և նախկին սեփականատերերը հրապարակայնորեն աջակցել են հակառուսական պատժամիջոցներին։

Ելնելով օրենքի տեքստից՝ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ համաձայնագրով նախատեսված է եղել հետգնում իրականացնել շուկայականից առնվազն 25%-ով շեղվող գնով, և (կամ) ձեռքբերողը ակտիվում լրացուցիչ ներդրումներ է կատարել և ձեռնարկել է գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել ռուսական ընկերության գործունեության դադարեցմանը, էական կրճատմանը կամ դադարին։

Մերժումը հնարավոր կլինի, եթե օտարերկրյա ներդրողը, մասնավորապես, հրապարակայնորեն աջակցել է Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ կազմակերպությունների դեմ օտարերկրյա պետությունների պատժամիջոցներին կամ կոչ է արել դրանց ներդրմանը, գործողություններ է կատարել ՌԴ Զինված ուժերը վարկաբեկելու ուղղությամբ կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տարածել դրանց օգտագործման մասին, ֆինանսավորել է ահաբեկիչների և ծայրահեղականների, հրապարակայնորեն հայտարարել է ՌԴ-ում գործունեության դադարեցման կամ կասեցման մասին, չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները։

Հետգնման իրավունքի դադարեցման պահանջը դատարան կարող էներկայացվել ինչպես բաժնետոմսերի ձեռքբերողի կողմից՝ գործունեության համապատասխան ոլորտում կարգավորում իրականացնող դաշնային մարմնի դիրքորոշումը ստանալուց հետո, այնպես էլ հենց այդ դաշնային մարմնի կողմից։ Ընդ որում, դա հնարավոր կլինի անել՝ անկախ նրանից, թե օտարերկրյա ներդրողը դիմել է հետգնման պահանջով, թե ոչ։

Share.