Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով Ժիրոնդայի դեպարտամենտի Լե-Պորժ գյուղում հայտնաբերվել է մոտ 400 պատմական զինամթերք, հայտնում է France Info-ն։
Իշխանությունները ենթադրում են, որ պայթյունների մի մասը, որոնք սկզբում համարել էին գազի բալոնների դետոնացիա, պայմանավորված է եղել հին արկերի գործարկմամբ՝ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ։
Ըստ Լե-Պորժի քաղաքապետ Մարսիալ Զանինետտիի՝ հրդեհի երկրորդ գիշերը բնակիչները լսել են ավելի քան 100 պայթյուն։ Նա դրանց ձայնը համեմատել է «ռազմական գործողությունների» հետ։
«Մեր համայնքի տարածքում զինամթերքի պահեստներ էին թաղված, բայց մենք դրա մասին չգիտեինք, և դրանք պայթեցին»,- հայտարարել է քաղաքապետը։
Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ հայտնաբերված զինամթերքի թվում եղել են գերմանական և ֆրանսիական արկեր, որոնց թվում՝ ականանետային և հակատանկային։
Ականազերծման աշխատանքներից հետո բնակիչների մեծ մասը կարողացել է վերադառնալ տները, սակայն որոշ շրջաններ շարունակում են փակ մնալ։ Սահմանափակումներ գործում են, մասնավորապես, օվկիանոս տանող ելքի, ճամբարի և Լա-Ժեննի գյուղի շրջանում։

Ժիրոնդայի տարածաշրջանում հրդեհը մոլեգնել է մոտ 10 օր։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 180 տուն, իսկ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում այրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 42 հազար հեկտար. սա երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն անտառային հրդեհներից մեկն է։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում լայնածավալ հրդեհներ են ընդգրկել Եվրոպայի մի քանի շրջաններ, առաջին հերթին՝ Ֆրանսիան և Իսպանիան։ Տարերային աղետի հետևանքով տարհանվել է ավելի քան 330 հազար մարդ։
