Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու շուրջ համաձայնագրի կնքմանը։ Այնուամենայնիվ, սպասվող գործարքն արդեն իսկ անհանգստացնում է ԱՄՆ-ին, քանի որ դրանով Թեհրանն ավելի մեծացնում ստրատեգիական այս ջրային ուղու վերահսկողության հարցում իր ազդեցությունը։ Այս մասին հայտնում է «The New York Times» պարբերականը։

Բանակցություններին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Պարսից ծոց մտնող նավերը կօգտվեն Իրանի ափամերձ գոտով անցնող երթուղուց, իսկ ծոցից դուրս եկողները՝ Օմանի տարածքին ավելի մոտ գտնվող ուղուց։

Իրանական կողմի պնդմամբ՝ համաձայնագիրը մաքսատուրքեր չի նախատեսում, սակայն ենթադրում է «սպասարկման վճար»։ Այն կուղղվի բնապահպանական վերահսկողության, նավերի անվտանգության ապահովման և անձնակազմի աշխատանքի ծախսերը հոգալուն։ Ըստ իրանցի պաշտոնյաների՝ այդ հավաքագրումներից ստացված հասույթը կբաժանվի Իրանի և Օմանի միջև։

Միևնույն ժամանակ, ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ Թեհրանի ներկայացրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ նեղուցով անցնող որևէ ժամանակավոր երթուղի Իրանի թույլտվությունը չի պահանջի և որևէ վճար չի ենթադրի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար Հորմուզի նեղուցի բացումը դարձել է քաղաքական գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նա վերջերս նշել էր, որ հենց նեղուցի վերաբերյալ համաձայնագրի հեռանկարն է այն պատճառներից մեկը, որ ինքը հրաժարվել է Իրանին նոր հարված հասցնելու մտքից։

Այնուամենայնիվ, իրանական կողմը պնդում է, որ նեղուցի լիարժեք բացումը հնարավոր է միայն վիճելի այլ հարցերի լուծումից հետո, ներառյալ՝ ամերիկյան շրջափակման վերացումն ու կարգավորման նախկինում համաձայնեցված պլանին վերադառնալը։

Ամերիկյան պաշտոնյաները զգուշացնում են, որ Անցումային գոտու նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանումը կարող է վտանգավոր միջազգային նախադեպ ստեղծել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է վերադառնա բաց միջազգային ջրային ուղու իր կարգավիճակին։

«Եթե այնպես լինի, որ որևէ պետություն կարողանա վերահսկել միջազգային ջրային ուղին, վճարներ գանձել և սպառնալ նավերին, ապա դա խիստ վտանգավոր իրավիճակ կստեղծի», — նշել է Ռուբիոն։

Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները կապված են նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող ավելի լայն քննարկումների հետ։ Ըստ նախատեսված պլանի՝ կողմերը 60 օրվա ընթացքում պետք է քննարկեն հարստացված ուրանի իրանական պաշարների ապագան։

Միևնույն ժամանակ, ամերիկացի ռազմական պաշտոնյաների մի մասը կասկածանքով է մոտենում հնարավոր գործարքին՝ համարելով, որ այն կարող է դիտարկվել որպես զիջում Իրանին։ Նրանց կարծիքով՝ նույնիսկ նեղուցի բացման դեպքում նավերը կարող են կախվածության մեջ մնալ Թեհրանի հետ համակարգումից՝ ականների սպառնալիքի և այլ ռիսկերի պատճառով։

Վերլուծաբանները նշում են, որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը դարձել է ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու Իրանի մի քանի լծակներից մեկը։ Փորձագետների համոզմամբ՝ Վաշինգտոնը բարդ ընտրության առջև է կանգնած. կա՛մ պահպանել կոշտ դիրքորոշումը, կա՛մ ընդունել համաձայնագիրը, որը կարող է ամրապնդել Թեհրանի ազդեցությունը։

Հորմուզի նեղուցը ռազմավարական առանցքային նշանակություն ունի նավթի համաշխարհային առևտրի համար, քանի որ դրանով է անցնում Պարսից ծոցի երկրներից էներգակիրների արտահանման զգալի մասը։

Share.