Ղրիմի հարավում գտնվող Սևաստոպոլի Բալակլավայի շրջանի Խմելնիցկոյե ավանում հրազենով զինված ռուսաստանցի զինծառայողը հարձակվել է ծառայակիցների վրա․ նրանցից մեկին սպանել է, իսկ մյուսին՝ վիրավորել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի կողմից Սևաստոպոլի ղեկավար նշանակված Միխայիլ Ռազվոժաևը։ Դրանից հետո հանցագործը «վիրավորել է ևս երեք հոգու և սպանել 3 խաղաղ բնակչի՝ 71 ու 59 տարեկան երկու տղամարդու և 64-ամյա մի կնոջ», – գրել է նահանգապետը։ Նա հայտարարել է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է «շտապ բժշկական օգնություն»։ Վիրավորների վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ռազվոժաևի տվյալներով՝ հարձակման մեջ կասկածվողին ձերբակալել են, նրա ինքնությունը չի բացահայտվում։ Դեպքի վայրում այժմ աշխատում են ուժայինները, հայտնել է քաղաքապետը՝ կոչ անելով «հանգստություն պահպանել և չտարածել չստուգված լուրեր»։ «ՉՊ Սևաստոպոլ» էջում հրապարակվել է տեղական խմբերից մեկի նամակագրության սքրինշոթը, որտեղ ասվում է, թե հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը «Պերվոմայկա և Խմելնիցկոյե գյուղերի շրջանում»։ «Զինվորականը գնդակահարել է իր ծառայակիցներին ու փախել անտառ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրապարակվել է նաև մի երիտասարդի լուսանկար, ում «Ագենտստվո»-ն նույնականացրել է որպես Սարատովի մարզի 21-ամյա ծնունդ Մաքսիմ Ալիստրատով։ Ըստ արտահոսած տվյալների՝ նա դատվածություն ունի խանութից 1500 ռուբլի գողանալու համար։ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ երիտասարդը համարվել է գործազուրկ։

Սևաստոպոլում հրաձգության մասին լուրերից հետո առավոտյան փակել են մի քանի ավանների փողոցները, դրան ուշադրություն է դարձրել «Օստորոժնո, նովոստի»-ն։ Ժամը 6:00-ին «Կրուպոդերովի անվան Սևէլեկտրոավտոտրանս» փոխադրող ընկերությունը հայտնել էր, որ Շտուրմովոյե և Խմելնիցկոյե գյուղերի շրջանում երթևեկության սահմանափակման պատճառով հնարավոր են «ավտոբուսային մի քանի երթուղիների չվացուցակի շեղումներ»։ Ժամը 6:30-ին հաղորդվել էր սահմանափակումները հանելու և երթևեկությունը վերականգնելու մասին, սակայն 1 ժամ 20 րոպե անց նույն ճանապարհները նորից փակվել են։ Երթևեկությունը վերականգնվել է ժամը 9:00-ի սահմաններում։

Share.