ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն փորձում է ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությունը՝ սեփական պաշտոնը պահպանելու համար, իսկ օգոստոսի 3-ին ֆուտբոլային պաշտոնյան զրույց կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է New York Post (NY Post) պարբերականը։

«Նա ցանկանում էր կապ հաստատել պետքարտուղարի հետ և քննարկել, թե ինչպես կարող է ֆուտբոլը դառնալ Ամերիկայի «փափուկ ուժի» մի մասը։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքը պաշտոնանկությունից խուսափելու մասին է։ Այս փուլում այլ պատճառ լինել չի կարող»,- նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Թերթի տեղեկություններով՝ ծագած սկանդալի ֆոնին ՖԻՖԱ-ի նախագահը բազմիցս փորձել է հեռախոսազանգերի միջոցով կապվել Թրամփի հետ։ Ինչպես հիշեցնում է պարբերականը, Ինֆանտինոն քննադատությունների թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ առաջարկել էր Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը վաճառել մասնավոր ներդրողներին, թեև ավելի ուշ հրաժարվել էր այդ մտքից։

Ծրագիրը նախատեսում էր ստեղծել ընկերություն, որը կվերահսկեր ՖԻՖԱ-ի հիմնական տղամարդկանց և կանանց մրցաշարերը։ Ինֆանտինոյի կարծիքով՝ FIFA Forward Enterprise-ի հիմնումը կարող է բարձրացնել ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եկամուտները և նպաստել ողջ աշխարհում ֆուտբոլի զարգացմանը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում հայտարարել են, որ այս նախագիծը կարող է 4,2 միլիարդ դոլար ներգրավել։ Այնուամենայնիվ, նախաձեռնությունը լայնորեն քննադատվել է և դատապարտվել պաշտոնյաների, ֆեդերացիաների ու այլ կազմակերպությունների կողմից, իսկ լրագրող Ռոմեն Մոլինան հայտնել է Ինֆանտինոյի շուտափույթ հրաժարականի մասին, քանի որ նա կորցրել է կազմակերպության ներսում ունեցած աջակցությունը։

Share.