BBC-ն հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է շվեդական «Foxtrot» հանցավոր ցանցը սոցցանցերի միջոցով հավաքագրում դեռահասների՝ պատվերով սպանություններ և այլ հարձակումներ իրականացնելու համար։ Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում խմբավորման հնարավոր կապերին Իրանի իշխանությունների հետ և եվրոպական իրավապահների իրականացրած լայնածավալ գործողություններին։

BBC-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի փետրվարին Ստոկհոլմի արվարձաններից մեկում 20-ամյա ուսանող Մուրադ Աբդելքադերը սպանվել է տուն վերադառնալիս։ Քննության տվյալներով՝ սպանությունը կատարել է 18-ամյա Աթիլլա Ազիմովը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Ըստ իրավապահների՝ նա վարձվել էր «Foxtrot» հանցավոր ցանցի կողմից, սակայն սպանել էր սխալ մարդու։

Հրապարակման համաձայն՝ «Foxtrot»-ը վերջին տարիներին մասնագիտացել է պատվերով սպանությունների կազմակերպման մեջ՝ որպես կատարողներ օգտագործելով հիմնականում անչափահասների և երիտասարդների։ Նրանց հավաքագրումը կատարվում է սոցիալական ցանցերի և գաղտնագրված հաղորդակցման հարթակների միջոցով, որտեղ խոստացվում են խոշոր դրամական վարձատրություններ։

Իրավապահների գնահատմամբ՝ 2022 թվականից ի վեր խմբավորումը կարող է առնչություն ունենալ շուրջ 35 սպանության, ինչպես նաև Իսրայելի հետ կապ ունեցող եվրոպական օբյեկտների դեմ իրականացված կամ ծրագրված մի շարք հարձակումների։ Որոշ դեպքերում կիրառվել են նաև պայթուցիկ նյութեր և նռնակներ։

BBC-ն նշում է, որ այս երևույթի դեմ պայքարելու նպատակով ստեղծվել է GRIMM միջազգային օպերատիվ խումբը, որի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Բելգիան, Իսպանիան, Ֆինլանդիան և Իսլանդիան։ Եվրոպոլի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչ Էնդի Կրաագի խոսքով՝ հանցավոր խմբավորումները խոցելի երիտասարդներին վերածում են «աութսորս» մարդասպանների՝ նրանց առաջադրանքներ փոխանցելով համակարգչային խաղերի ոճով կազմված հրահանգներով։

Հոդվածում նշվում է նաև, որ Շվեդիայի ոստիկանությունը ենթադրում է՝ «Foxtrot»-ի որոշ գործողություններ իրականացվել են Իրանի իշխանությունների շահերից ելնելով։ Այդ գործողությունների շարքում հիշատակվում է նաև Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան հարևանությամբ տեղի ունեցած նռնակի պայթյունը։ Միաժամանակ իրավապահները նշում են, որ խմբավորումը շարունակում է զբաղվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և դրա հետ կապված հանցավոր գործունեությամբ։

Հետաքննության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև 18-ամյա նորվեգացի Յոհաննես Նատլանդի գործը։ BBC-ի տվյալներով՝ նա համացանցի միջոցով հավաքագրվել էր Մեծ Բրիտանիայում սպանություն իրականացնելու համար։ Նատլանդին տրամադրվել էին ճանապարհածախսը, զենքի թաքստոցի քարտեզները և գործողությունների մանրամասն հրահանգներ, սակայն նա ձերբակալվել է մինչև առաջադրանքը կատարելը։ Ավելի ուշ Լոնդոնի Օլդ Բեյլիի դատարանի երդվյալները նրան մեղավոր են ճանաչել սպանության նպատակով դավադրության մեջ։

Հոդվածում ընդգծվում է, որ պատվերով սպանությունների կազմակերպման շղթայում հաճախ ներգրավված են նաև դեռահաս միջնորդներ, որոնք սոցիալական ցանցերում նոր կատարողներ են հավաքագրում։ Իրավապահների խոսքով՝ նման դեպքերում երիտասարդ կատարողները հիմնականում ձերբակալվում են և հաճախ նույնիսկ չեն ստանում խոստացված վարձատրությունը։

BBC-ի տեղեկություններով՝ GRIMM օպերատիվ խմբի գործունեության 15 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 280 ձերբակալություն, այդ թվում՝ «Foxtrot»-ի առանցքային անդամների։ Սակայն խմբավորման առաջնորդ Ռավա Մաջիդը շարունակում է մնալ Իրանում, իսկ եվրոպական իրավապահները մտավախություն ունեն, որ նրա ղեկավարած ցանցը կարող է շարունակել նոր հարձակումների կազմակերպումը Եվրոպայում։

Share.