ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։

Ռուբիոն նշել է, որ հակամարտության երկու կողմերն էլ հավատարիմ են «բավականին հստակ ու կոշտ կարմիր գծերին», և քանի դեռ նրանց դիրքորոշումները չեն մոտեցվել, համաձայնության հասնելն անհնար կլինի։

«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք կփորձենք հասկանալ՝ կարող ենք արդյոք վերսկսել երկու կողմերի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին», — հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Ռուբիոյի խոսքով՝ խաղաղ բանակցություններին աջակցելու համար ԱՄՆ նախագահն իր թիմին հանձնարարել է օգտագործել ցանկացած հնարավորություն։

«Եթե խաղաղ բանակցությունների մեկնարկին աջակցող ուժ դառնալու հնարավորություն տեսնեք՝ գործե՛ք», — ԱՄՆ նախագահի խոսքերն է փոխանցել նա։

Ընդ որում, պետքարտուղարը չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլեր է պլանավորում ձեռնարկել Վաշինգտոնը, և արդյոք խոսքը Մոսկվայի ու Կիևի հետ ուղղակի շփումների մասին է։

Share.