ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է նոր ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ։ Այն կարող է մեկնարկել արդեն մոտակա հանգստյան օրերին և տևել մի քանի օր, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Թերթի տեղեկություններով՝ համապատասխան ծրագիրը Թրամփին ներկայացվել է Քեմփ-Դևիդում անցկացված խորհրդակցության ժամանակ, որից հետո նախագահը հավանություն է տվել դրան։
Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ որոշումը դեռ կարող է վերանայվել, եթե Թեհրանի հետ բանակցություններում դիվանագիտական առաջընթացի նշաններ ի հայտ գան։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ ռազմական ճնշման ուժեղացումը կստիպի Թեհրանին գնալ զիջումների։
Սակայն ամերիկացի պաշտոնյաները ընդունում են, որ Թրամփը կարող է փոխել իր որոշումը, եթե դիվանագիտական շփումները արդյունք տան։
Ավելի վաղ ուրբաթ օրը Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ մտադիր է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ հարվածները, որպեսզի երկրի իշխանություններին ստիպի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք նրանց վրա շատ հզոր հարվածներ կհասցնենք։ Եվ ինչ-որ պահի նրանք կասեն. «Մենք այլևս չենք կարող դա տանել»», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
