Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, հաղորդում է «Европейская правда»-ն։
Երկրների միջև համաձայնագիրը կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը և կընդլայնի իրացման շուկաները ուկրաինական և թուրքական արտադրողների համար։ Ի թիվս այլնի՝ փաստաթուղթը նախատեսում է մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի փոխադարձ վերացում։
Գերագույն ռադան համաձայնագիրը վավերացրել է հուլիսի 14-ին։
Իր հերթին, Թուրքիան Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը վավերացրել է 2024 թվականի օգոստոսի 2-ին։
Ուկրաինան և Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրել էին դեռևս 2022 թվականի փետրվարի 3-ին, իսկ դրա նախապատրաստումը տևել էր 15 տարի։
